Բաժիններ՝

Դատավորը՝ պաշտպանին. «Ալարո՞ւմ եք գրավոր գրեք Ձեր միջնորդությունները»

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Լևոն Պողոսյանը միջնորդեց՝ որպես վկա դատարան հրավիրել մայոր Միսակ Թորոսյանին: Ըստ պաշտպանի՝ նա 2011-ի դեկտեմբերին բուժօգնություն է ստացել Մուրացան կենտրոնական կլինիկայում և ականատես է եղել իրադարձություններին:

Մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ արդեն երկար ժամանակ է անցել. «Հիմա անցել է ժամանակ, արդեն պայմանավորվել են, նույն սպան է, նույն համակարգի աշխատող են, բերել են, որ կեղծ ցուցմունքներ տա»: Չնայած պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև Միսակ Թորոսյանի հետ կատարած իր մասնավոր հարցաքննության բովանդակությունը, թե՛ տուժող, թե՛ մեղադրող կողմը դեմ արտահայտվեց միջնորդությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը նշեց, որ իր համար այդպես էլ պարզ չդարձավ՝ գործով ի՞նչ հանգամանքներ պարզելու համար է պաշտպանը վկային դատարան կանչելու միջնորդություն ներկայացնում: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանն էլ նշեց, որ դա միջնորդությունը գրավոր չներկայացնելու պատճառով է. «Դուք չկարողացաք իրավահաջորդի և նրա ներկայացուցչի մոտ վերջնական պատկերացում կազմել տալ, թե ինչո՞ւ եք դուք մարդուն ուզում հրավիրել: Դեռ չեմ ասում՝ դատարանին: Շատ կներեք հարցադրման համար: Ալարո՞ւմ եք գրավոր գրեք Ձեր միջնորդությունները»: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մերժեց միջնորդությունը: Մերժվեց նաև իր մասնավոր հարցաննությունը գործին կցելու մասին նրա միջնորդությունը:

Դատական նիստի ընթացքում պաշտպանը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն. այս անգամ նա միջնորդում էր դատարան հրավիրել Կենտրոնական զինվորական հոսպիտալի քույր-տնտեսվար Ջուլիետա Գրիգորյանին: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստի ընթացքում դատարան կհրավիրվի և ցուցմունքներ կտա նաև հիվանդանոցի քույր Սուսաննա Ղարիբյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս