
Բոլիվիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայումը Լատինական Ամերիկայում

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի որոշումը Լատինական Ամերիկայում զինված ուժերի տեղակայման վերաբերյալ:
«ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայի մի քանի կետերում ռազմածովային ուժերի տեղակայման մասին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով: Այս միակողմանի միջոցառումները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանը և խախտում են անկախ պետությունների ինքնիշխանությունը, այլև անտեսում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Արսեն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ԱԼԲԱ)՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող գագաթնաժողովում:
Արսեն նշել է, որ Բոլիվիան դատապարտում է միջամտության ցանկացած ձև ինքնիշխան պետությունների ներքին գործերին: Նա ընդգծել է, որ «Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը խաղաղության գոտի են և պետք է մնան այդպիսին»: