Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանի հետ՝ ձերբակալված ռուսաստանցների ազատման տարբերակների շուրջ

Ռուսաստանն աշխատանք է տանում ադրբեջանական կողմի հետ Բաքվում պահվող ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատման և տուն վերադարձի տարբերակների շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

«Ներկայում ադրբեջանական կողմի հետ աշխատանք է տարվում Բաքվում պահվող Ռուսաստանի քաղաքացիների շուտափույթ ազատման և հայրենիք վերադարձի տարբերակների շուրջ: Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ այդ որոշումը կլիներ նշանակալի քայլ Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կայունացման գործընթացում», – ասել է նա ճեպազրույցում, որը հեռարձակվել է ՌԴ ԱԳՆ էջերում:

Ֆադեևը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որին ներկայացվել է «բողոք Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»:

«Ավելի վաղ էլ մենք նշել ենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նման գործողությունների համար հիմքերը պարզապես բացակայել են: Մենք հասել ենք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների հյուպատոսական մուտքի ապահովմանը ձերբակալված ռուսաստանցիների մոտ և նրանց անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում, արձագանքում ենք նրանց հարցերին և խնդրանքներին», – նշել է նա:

Ավելի վաղ ՌԴ Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որը ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել են։

Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք է հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։

Տեսանյութեր

Լրահոս