
Նիկոլ Փաշինյանի իջևանցի նախկին հարևանի՝ «Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ն խոզաբուծարան կհիմնի․ կառավարությունն ընդունեց որոշումը չզեկուցվող հարցերի փաթեթով

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց ««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու մասին» որոշումը:
Ըստ այդմ՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի․ ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 միլիարդ 091.192.203 դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացրած նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ ՍՊԸ-ի և Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 և 6 հասցեներում «Իջևանյան բեկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքներում և Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցեում գտնվող, գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող և գյուղ Մայիսյան հասցեում գտնվող հողամասերում իրականացնել խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագիր։
«Հարկ է նշել, որ «Իջևանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքներում արդեն իսկ կատարվել է 862 միլիոն 522.633.23 դրամի ներդրում»,- մանրամասնում են հիմնավորման մեջ՝ տեղեկացնելով, որ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ։
Ուշադրության են արժանի նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում տեղ գտած մի շարք դիտողություններն ու առաջարկները, որոնք հիմնականում չեն ընդունվել։
Օրինակ, չի ընդունվել Ֆինանսների նախարարության հետևյալ դիտարկումը․ «․․․Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարելը կամ վարձակալության տրամադրելը, անհավասար պայմաններ է ստեղծում հնարավոր հետաքրքրություն ունեցող այլ ընկերությունների համար: Ուստի առաջարկում ենք հնարավորություն ընձեռել հետաքրքրված այլ ընկերություններին ևս համապատասխան ներդրումային ծրագրեր ներկայացնելու համար: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայի ներկայիս զարգացումները՝ կադաստրային և շուկայական արժեքների միջև ձևավորված էական շեղումները, առաջարկում ենք դիտարկել հողամասերի մրցույթային եղանակով օտարելու հնարավորության տարբերակը»։
Չընդունման պատճառների թվում էր հետևյալ պարզաբանումը․ «Ինչ վերաբերում է հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով «Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ին տրամադրելուն, ապա այս առումով հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 44-րդ կետի գ ենթակետի համաձայն` հողամասերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ: Ուստի, կարծում ենք, որ առանց մրցույթի վարձակալության իրավունքով հողամասի տրամադրումը «Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ին բխում է վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից»։
«Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի մասին․ այն հիմնադրվել է 2019թ․, հիմնադիրները 50-ական տոկոս բաժնեմասերով Ուկրաինայի քաղաքացիներ Ֆրունզե Ղազարյանն ու Սանասար Կույումչյանն են։
Արմատներով իջևանցի Ֆրունզե Ղազարյանը Ուկրաինայում բնակվող Ղազարյան եղբայրներից մեկն է։ Եղբայրներից մյուսի՝ Ուկրաինայում բնակվող գործարար, Չերկասում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Թելմանի Ղազարյանին մասին 168․am-ը վերջերս անդրադարձել է իր հրապարակումներից մեկում։ Տեղեկացրել էինք Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ հայտարարագրում առկա նոր գույքի մասին՝ նշելով, որ այն ձեռք են բերել «Իջևանատուն» ՓԲԸ-ից, որն էլ պատկանում է Նիկոլ Փաշինյանի նախկին հարևան Անդրանիկ Ղազարյանին։
Նշենք, որ այսօր էլ Ուկրաինայում Ղազարյան եղբայրների որդիները համատեղ բիզնես ունեն Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի հետ։
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Ղազարյաններն ու Նիկոլ Փաշինյանը Իջևանի նույն թաղից են եղել: 2012-ին Անդրանիկ, Ֆրունզե և Պետրոս Ղազարյանների հովանավորությամբ, ի հիշատակ իրենց հոր, Իջևանում բացվել ու օծվել է Ս. Ամենափրկիչ եկեղեցին: 2014-ին էլ Ղազարյան եղբայրների ֆինանսավորմամբ Իջևանում բացվել է մանկական խաղահրապարակ:
Իջևանի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել է, որ Ղազարյանների ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաև քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երևանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը: Իջևանի ավագանին անգամ եղբայրներին պատվավոր իջևանցու կոչում է շնորհել։
Ի դեպ, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովին ներկա Ղազարյան եղբայրներից Անդրանիկը, ըստ տարածվող տեղեկությունների, մտադրություն էր հայտնել Տավուշում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն։