Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին բարևելու և Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե` ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունը պետք է չմասնակցե՞ր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը, ինչը բացասական արձագանքներ ունեցավ հանրության շրջանում, ասաց. «Ինձ համար ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը պետք է չգնար. չէ՞ որ դա քաղաքական միջոցառում չէր: Այլ հարց է, որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք: Մեր քաղաքական մշակույթն առայժմ այն մակարդակին է, որ եթե եկեղեցու բացմանն ես ներկայացել ու շնորհավորել, դա ընդդիմադիր կեցվածք չէ, սա ինձ համար ծիծաղելի է»:

Դիտարկմանը, թե Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառմանը Ձեր ձեռքսեղմումը Սերժ Սարգսյանի հետ ևս քննադատվեց, Ռ. Հակոբյանն ասաց. «Ս.Սարգսյանը բոլորին, նաև ինձ եկավ-շնորհավորեց, դա շատ նորմալ է: Թույնը շատ է… ես պետության, իշխանության, ընդդիմության մեջ թշնամի չունեմ: Չի կարելի այս հարցին թշնամական հայացքով նայել: Չեմ հասկանում, ցավում եմ, որ քաղաքական մտածելակերպն այսպիսին է: Քաղաքական դաշտի կայացմանը չի նպաստում այն, որ մենք անտեսում ենք հարաբերվելու, կոնտակտի հնարավորությունը: Եկեղեցու օծման ժամանակ տեսա, որ եթե այդ առիթը չլիներ՝ շատերը միմյանց հետ չէին խոսի: Մենք պետք է քաղաքականն ու ոչ քաղաքականը միմյանցից տարբերենք: Ի վերջո, պետք չէ քաղաքականացնել ոչ եկեղեցու բացման արարողությանը, և ոչ էլ Շուշիի միջոցառմանը ներկա գտնվելը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս