Ոստիկանները նոր էպոս են գրել
Ոստիկանների կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու գործով ամբաստանյալ, ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանն այսօր փաստորեն ընդունեց մեղադրանքը, ճիշտ է՝ յուրովի:
Թմրամիջոցներ պահելու ու օգտագործելու, իսկ գուցե և իրացնելու կասկածանքով 2012թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազորները ատամնաբուժարանից բերման էին ենթարկել բժիշկ Դավիթ Եդիգարյանին: Ընդ որում, կասկածյալը բաժանմունքում գտնվել է 12:00-ից 17:00-ն, իսկ բերման ենթարկելու արձանագրությունը կազմվել է միայն ժամը 15:00-ին:
Է.Զաքարյանը հայտնեց, որ ինքը միջնորդի միջոցով տուժող Դ.Եդիգարյանին խոստացել է թմրանյութերից «մաքուր» փորձագիտական եզրակացություն՝ գումարի դիմաց: Իր կողմից նշվել են գումարի վերացական չափեր, ի վերջո 3000 դոլարից իջել է 2000-ի, ապա նաև 400 հազար դրամի: Ըստ Է. Զաքարյանի՝ ինքը «կեղտոտ» եզրակացությունը «մաքուրի» փոխելու որևէ լծակ ու լիազորություն չի ունեցել, եթե «մաքուր» տվյալներ «չստացվեին», ինքը վերադարձնելու էր գումարը՝ ասելով, որ «ոչ մի բան չստացվեց»: Իր պայմանավորվածությունների մասին, ըստ ամբաստանյալի, գործընկերները տեղյակ չեն եղել:
Է.Զաքարյանը հայտարարեց, որ գումարի առաջարկի համար ինքը անձնական պատճառներ ուներ. ինքը ֆինանսական խնդիրներ ուներ՝ իր հոր գերեզմանը բարեկարգելու հետ կապված, ոմն Վահագնը իրենից պահանջում էր 2500 դոլար պարտքը:
Իսկ իր անմիջական ղեկավար Վաղինակ Վարդանյանի հետ իր հեռախոսազրույցում, ըստ ամբաստանյալի, խոսքը գնացել է ոչ թե կաշառքի, այլ պարտքի գումարի մասին, իսկ «4 հատ» և այլ կրճատ արտահայտություններ իրենց համար սովորական երևույթ է, իրենք սովոր են խոսել կոդերով, անգամ գործակալներին «շոկոլադ» են ասում:
Անմիջական ղեկավարը՝ ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ, ամբաստանյալ Վաղինակ Վարդանյանը, նույնպես տվեց ասվածին համահունչ ցուցմունքներ: Նա հայտնեց, որ Ա.Զաքարյանի պարտքի հարցով իրեն զանգահարել է վերոհիշյալ Վահագն Հակոբյանը, ով նախկինում ոստիկանության համակարգում է ծառայել և բողոքել իր ենթակա ավագ օպերլիազոր Է.Զաքարյանից, ով չէր վճարում պարտքը և չէր պատասխանում իր հեռախոսազանգերին: Ինքն իր հերթին պահանջել է ենթակայից կարգավորել անձնական հարցերը և խնդիրներ չստեղծել: Ըստ ղեկավարի՝ նա տեղյակ էր, որ արագ վճարելու դեպքում Վահագնը համաձայնել էր, որ իրեն վճարվի 1500 դոլար՝ 2500-ի փոխարեն, և իր հետ հեռախոսազրույցում խոսքը բացառապես գնացել է պարտքի գումարի մասին:
Վ.Վարդանյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը և որ «ոչ մի գումարային հարցում նախնական պայմանավորվածություն» չի ունեցել: Ըստ մեղադրանքի՝ Վաղինակ Վարդանյանը վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
Վ.Վարդանյանի ցուցմունքի ավարտից հետո մեղադրող Վահագն Մուրադյանը հետաքրքրվեց՝ «Վահագնի էպոսն ո՞վ է գրել»:
Հունիսի 7-ի դատական նիստում ցուցմունքներ կտան գործով մյուս երկու ամբաստանյալները՝ օպերլիազոր Գևորգ Գևորգյանը և կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող Գևորգ Մարտիրոսյանը: