Բաժիններ՝

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել և՛ այս վանդալիզմի, և՛ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին». ՀՅԴ հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմինը մայիսի 15-ին հանդես է եկել հայտարարությամբ` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը պղծելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում` պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել՝ սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:

Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Մեզ համար ակնհայտ է` նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ: Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը: Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե՛ւ այս վանդալիզմի, ե՛ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին: Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս