«Եկե՛ք կանխենք գազի թանկացումը». ֆեյսբուքահայությունն՝ ընդդեմ գազի թանկացման
Ֆեյսբուքյան հարյուրավոր օգտատերեր հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել՝ արձագանքելով գազի գնի հնարավոր թանկացմանը։ Նրանք խումբ են ստեղծել, որը կոչվում է «Եկե՛ք կանխենք գազի թանկացումը, միացեք հայեր»։
Խումբը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Հայ Ռուսգազարդ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, որպեսզի գազի գինը բարձրացնի 64 տոկոսով: Սա նշանակում է, որ դրական պատասխանի դեպքում ՀՀ ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերքը, տրանսպորտը, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքները, սնունդը և այլն»,- ասված է հայտարարության մեջ:
«Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ դուրս արի փողոց»,- իրենց կոչը եզրափակում են ակցիայի նախաձեռնողները:
Նշենք, որ խմբի մասնակիցների թիվն արդեն մոտենում է 600-ին։