Գիվի Տարգամաձեն ՌԴ-ի կառավարության դեմ հայց կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Տարգամաձեն պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ հայց ներկայացնելով Ռուսաստանի կառավարության դեմ, որը նրա կարծիքով ապօրինի հետապնդում է իրեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Տարգամաձեն: Նա հավելել է, որ դա կարևոր նախադեպ կլինի այն մարդկանց համար, որոնք հանդիսանում են ռուսական իշխանությունների քաղաքական հետապնդումների օբյեկտ:
Ռուսաստանի ՆԳՆ-ը միջազգային հետախուզում է հայտարարել Տարգամաձեի նկատմամբ՝ կապված ռուսական ընդդիմությանն աջակցելու հետ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Տարգամաձեին չի հանձնի Ռուսաստանին, քանի որ դա արգելված է երկրի Սահմանադրությամբ:
Փետրվարին Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հայտարարեց, որ Տարգամաձեն ռուս մի շարք ընդդիմադիր գործիչների հետ մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:
Բացի այդ, նշվել էր, որ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն ունի այնպիսի հանցանշաններ, որոնք հաստատում են, որ Տարգամաձեն ֆինանսավորել է ռուսական ընդդիմությանը և մասնակից է 2012 թվականի մայիսի 6-ին Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: