Բելառուսի նախագահի այցը դատապարտված է հաջող հետագա ընթացք ունենալու. Սերժ Սարգսյան
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որին նախորդեց մի շարք ոլորտներում համագործակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը:
Մեր պարբերաբար հանդիպումները թույլ են տալիս աշխատանքային ռեժիմով քննարկել հայ-բելառուսական երկկողմ հարաբերություններն ու համագործակցության եզրերը. «Ուղիղ մեկ ամսից մենք նշելու ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Այսօր մենք միակարծիք ենք` մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր բարեկամական անցյալին` ուս ուսի անցել ենք Հայրենական պատերազմը, մեր բարեկամությունը հիմնված է մեր հերոսների արյան վրա»,-ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են շատ ոլորտների վերաբերող հարցեր` տնտեսություն, մշակութային հարաբերություններ, խորհրդարանական բարեկամական խմբի գործունեություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն: Բացի այս, քննարկվել է Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում.
«Նաև ծանոթացրեցի նախագահին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը խաղաղություն է ուզում: Եվ որ մեր դիրքորոշումը այս հարցում անփոփոխ է` ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը հավելեց, որ Բելառուսի նախագահի այցը դատապարտված է հաջող հետագա ընթացք ունենալու:
Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանում ավարտվեց դժվարին նախընտրական փուլը, որի ավարտին նախագահի թիմը հաստատուն հաղթանակ տարավ, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը վստահում է Սերժ Սարգսյանին.
«Մենք պատրաստ ենք աջակցել ձեր ծրագրերի իրագործմանը»,- հայտարարեց Բելառուսի նախագահը:
Անդրադառնալով հանդիպման մանրամասներին նա ասաց, որ կիսում է Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ երկու երկրների միջև չկան փակ թեմաներ. «Մենք պետք է գտնենք տնտեսական հարաբերությունների նոր ուղիներ, որոնք կավելացնեն առևտրաշրջանառությունը երկրների միջև: Ներդրումային լավ դաշտ են հանդիսանում սննդարդյունաբերությունը, մեքենաշինությունը և այլն, բացի այս մեզ հետաքրքիր է փորձի փոխանակումը Հայաստանի հետ ատոմային բնագավառում ` Բելառուսը կառուցում է ատոմակայան»,- թվարկեց բարձրաստիճան հյուրը` շեշտելով, որ ցանկանում է տեսնել ներդրումային շատ ծրագրեր ու հետաքրքրություններ:
Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտեց` հայ-բելառուսական հարաբերությունների խորացման համար կան բարենպաստ հիմքեր, որոնք ողջունելի են ոչ միայն երկու երկրների նախագահների, այլև ժողովուրդների կողմից:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո` երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:
Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: