Պուտինը Քեմերոնին հայտնել է, որ ՌԴ-ն անպայմանորեն С-300 զենիթա-հրթիռային համալիրներ է հատկացնելու Սիրիային
Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվա վերջին Ռուսաստանը Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու հարցը քննարկել է երկու տարբեր հանդիպումներում:
Դրանցից մեկը գրանցվել է Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, իսկ երկրորդը՝ Վարշավայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարներ Գիդո Վեստերվելեի ու Ռադոսլավ Սիկորսկիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ռուս բանագնացների շրջանում ունեցած աղբյուրները թերթին հայտնել են, որ առաջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է, որ Սիրիային անպայմանորեն հատկացվելու են С-300 զենիթա-հրթիռային համալիրներ:
Բացի այդ, կողմերը Սոչիում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանը նվիրված կոնֆերանսի շուտափույթ գումարման հարցը, որին կմասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերը: Ի դեպ, Քեմերոնն այսօր Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և նրան կփոխանցի Սիրիայի հարցում Պուտինի դիրքորոշումը:
Թերթը, սակայն, կասկածում է, թե մոտ ժամանակներս կգումարվի Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս մայիսի 7-ին՝ Մոսկվայում Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին Վարշավայում հանդիպել է իր լեհ և գերմանացի գործընկերների հետ, որի ժամանակ նրան հարցեր են ուղղվել՝ կապված Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման հնարավորության հետ:
Ի պատասխան՝ Լավրովն իր գործընկերներին հիշեցրել է, որ խոսքը գնում է դեռևս 2010 թվականին Մոսկվայի ու Դամասկոսի միջև կնքված պայմանագրի մասին, որով ռուսական ռազմական տեխնիկայի մի մասն արդեն իսկ հատկացվել է Սիրիային, իսկ մյուս մասն էլ պատրաստվում է առաքման: