Իրանի ռազմածովային ուժերը խստապես հետևում են Պարսից ծոցում օտար ուժերի բոլոր տեղաշարժերին. Սայարի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանն ամբողջովին իր վերահսկողության տակ է պահում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Պարսից ծոցում իրականցվող բոլոր վարժանքները:
Սայարին հերքել է, թե ԱՄՆ-ի այդ մանևրներին մասնակցում է նաև 40 այլ երկիր. «Մենք խստապես մեր դիտարկման ներքո ենք պահում այդ մանևրները և հետո կհայտնենք, թե որքան երկիր է մասնակցում դրանց: Տարածաշրջանում վտանգի հիմնական պատճառը օտար ուժերի առկայությունն է»:
Նա հավելել է, որ Իրանը Պարսից ծոցում ներկայացրել է հայրենական արտադրության ականազերծման համակարգը՝ ընդգծելով, որ Իրանն այն փոքրաթիվ երկրների թվում է, որոնք օժտված են ծովային ականների ականազերծման տեխնոլոգիաներով.
«Իրանի ռազմածովային ուժերն ամբողջովին հետևում են օտար ուժերի բոլոր տեղաշարժերին՝ երկրի հանդեպ ցանկացած սպառնալիքի դիմագրավելու համար: Իրանն ապացուցել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, և որ որևէ կարիք չկա անդրտարածաշրջանային ուժերի առկայության»:
Իրանի ռազմածովային ուժերի ականազերծման վարժանքները Հորմուզի նեղուցում և Օմանի ծովածոցում մեկնարկել են մայիսի 7-ին: