Տարոնի տաքսի սերվիսում. մամուլ
Երեկ, ժամը 13:00-ին մոտ մեր գործընկեր Վագա Ամիրխանյանը փորձել է տաքսիով Երևանի Ավան վարչական շրջանից հասնել Կենտրոն վարչական շրջան և ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, եթե չասենք «զոհ» դարձել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Վագան պատմել է, որ սկզբում ամեն ինչ նորմալ էր: «Միլենա» տաքսի ծառայության մեքենայով ուղևորվել է դեպի Մաշտոցի պողոտա: Վագան միշտ օգտվում է հենց այս տաքսի ծառայությունից՝ իրար գիտեն, ու մինչ օրս խնդիրներ չեն եղել:
«Մաշտոցի պողոտայում վարորդին ասացի, որ սպասի ինձ, գնացի իմ գործերով ու մի 10-15 րոպեից վերադարձա, որ ճանապարհս շարունակեմ: Գնացինք Սարյան փողոցով դեպի Սախարովի հրապարակ: Ամիրյան Մաշտոց հատման մասում մեկ էլ հանկարծ վարորդը սկսեց երգել (սկզբում ինձ թվաց երգում է), անհասկանալի ձայներ հանել, աչքերը հետ գնացին, բաց թողեց ղեկը ու ցնցումների մեջ ընկավ…ես բղավում էի ու կյանքին արդեն հրաժեշտ էի տվել»,- պատմել է Վագան: Սակայն նրա բախտը բերել է այնքանով, որ նշված հատվածում երթևեկությունը բավականին ծանրաբեռնված է, ու արագ վարել պարզապես հնարավոր չէր՝ մեքենան դանդաղ շարժվել է ու դուրս եկել հանդիպակաց գոտի:
Վթարից խուսափել չի հաջողվել, ինքնահոսի մատնված մեքենան բախվել դիմացից եկող մեքենային ու կանգ առել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, շտապ օգնությունը: Մենքենան կանգնելուց հետո էլ վարորդի գիտակցությունը տեղը չի եկել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ կատարվածից շոկ ապրած Վագան դեպքի մասին տեղյակ է պահել «Միլենա» տաքսի ծառայությանը: Ծառայությունից մի կին՝ հավանաբար դիսպետչերը, շատ հանգիստ ձայնով ասել է՝ մենք կճշտենք: Թե ինչը պետք է ճշտեն՝ հասկանալի չէ:
Ինչպես հայտնի է, «Միլենա» տաքսի ծառայությունը պատկանում է Տարոն Մարգարյանի կնոջը՝ նրա եկամուտների հայտարարագրում այդ մասին նշված է: Պարզ է, որ ոչ միայն այս, այլև մյուս բոլոր տաքսի ծառայություններում ղեկին նստած են պատահական մարդիկ, և նրանց առողջական ու հոգեկան վիճակը երբևէ չի ստուգվում, սակայն հատկապես ուշագրավ է, որ երևանցիների առողջությունը վտանգողն այս պարագայում հենց քաղաքապետի ընտանիքին պատկանող ծառայությունն է: