Սասուն Միքայելյանը` Շուշիի ազատագրման, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին (տեսանյութ)
«Երբ Քյոսալարի բարձունքներն էինք վերցնում, մի բարձունք վերցնելուց հետո մի մեծ արծիվ, իրական բան եմ պատմում, Շուշվա վրա սավառնեց (հիմա էլ եմ հուզվում): Տղերքին ասի. «Տղերք, արծիվը Շուշին տիրեց»»,- այսօր` Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին կիսվելով իր հիշողություններով` պատմեց Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Շուշիի ազատագրումը նա անվանեց մեծ պարծանք, քանի որ զորավար Անդրանիկը նույնպես, իր խոսքով, ցանկացել է գրավել Շուշին, պաշարել է, սակայն չի կարողացել:
Հիշեց նաև, որ բարձունքի գրավումից մոտ մեկ ժամ հետո վիրավորվել է, սակայն այդ օրը և արցախյան ազատամարտի տարիները համարեց իր կյանքի «երջանկության ժամանակահատվածը»:
Իհարկե, ազատամարտիկը խոսեց օրվա խորհրդի մասին` ընդգծելով Շուշիի ազատագրման նշանակությունը, և նշեց, որ առաջին անգամ ժողովրդի համախմբում և միասնականություն տեսել է Շուշիի ազատագրման ժամանակ:
«Հետո երբ ինձ տեղափոխեցին Երևան` հիվանդանոց, չեմ պատկերացրել, որ… մարդիկ կային, որ ընդհանրապես ինձ չէին ճանաչում, բայց այցելել են: Եվ հաղթանակի արդյունքը միշտ մեր միասնությունն է, և ես միշտ էլ գերադասել եմ, որ միասնական լինենք` հատկապես հիմա»,- ասաց Ս. Միքայելյանը:
Լրագրողները նրան հարց ուղղեցին Շուշիի ազատագրման համատեքստում արդեն ավանդական դարձած բանավեճի վերաբերյալ, թե, ի վերջո, ո՞ւմ են պատկանում «Շուշիի դափնիները», քանի որ Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը, և գեներալ Գուրգեն Դարիբալթայանը բոլորովին տարբեր սցենարներ են ներկայացնում:
Սասուն Միքայելյանի պատասխանը կարճ էր` դափնիները ժողովրդինն են, ո´չ Միքայելյան Սասունինը կամ մեկ ուրիշինը: Իսկ թե ով՝ ինչպես է ներկայացնում Շուշիի ազատագրումը, դա Ս.Միքայելյանին այդքան էլ չի հետաքրքրում:
«Կոմանդոսն ասում է, որ մարդիկ կան, որ տեղյակ չեն եղել, չեն ուզեցել Շուշին ազատագրել: Եթե Կոմանդոսը` Արկադի Իվանիչը, դա ասեր էն ժամանակ, դա ընդունելի կլիներ, բայց եկել ա, քաղաքական… չի կարելի` նման կարգին մարդիկ փոխվեն տարբեր ժամանակաշրջաններում, դրա համար ես չեմ ընդունում դա»,- ասաց Շուշիի ճակատամարտի մեկ այլ մասնակիցը` Սասուն Միքայելյանը:
Հնչեցին նաև հարցեր այն մասին, թե արդյոք Սասուն Միքայելյանը հանդիպում է իր մարտական ընկերների հետ, կամ քաղաքական տարաձայնություններն արդյոք խանգարո՞ւմ են իրեն շփվելու մարտական ընկերների հետ: Ի պատասխան` Միքայելյանը նշեց, որ ինքն այդ կատեգորիայի մեջ չէ և ազատ է իր հայացքների մեջ և ընկերական շրջապատում, և նաև չմոռացավ շնորհավորել իր բոլոր մարտական ընկերներին` Շուշիի օրվա կապակցությամբ: Արցախյան պատերազմի մասնակիցների թվում դիտարկվեցին նաև Հայաստանի 1-ին և 3-րդ նախագահները:
Հարցին, թե արդյոք շփվո՞ւմ եք Հանրապետության նախագահի` Սերժ Սարգսյանի հետ, Ս.Միքայելյանը ժպտալով պատասխանեց. «Հանրապետության նախագահի հետ չեմ շփվել, որ շփվեմ, կասեմ»:
«Նախկինո՞ւմ»,- ճշտեցին նրանից: «Նախկինում չէ, հիմա: Իմ մարտական ընկերն է: Մարտական ընկերները փուլային չեն լինում»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նրա հետ նույնպես վերջին ժամանակներում Սասուն Միքայելյանը շփում չի ունեցել:
Մանրամասները`168.am-ի տեսանյութում: