
Բանակը փորձադաշտ չէ, որ այս կամ այն քմահաճույքը փորձարկեն, արտավոր բարքերն օրինականացնում են. Տիգրան Աբրահամյան
Այսօր Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ բանակում բարեփոխումներ անելու և դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է տիրապետել զինված ուժերի զարկերակին:
«Այն իշխանությունը, որը պատկերացում չունի բանակի հիմնադրման առանձնահատկությունների, դրա ինստիտուցիոնալ զարգացման ու անցած փուլերի մասին, պարզապես չի կարող առաջադրել լուծումներ, որոնք մեզ կտանեն որակական առաջընթացի, տեխնոլոգիական զարգացման կամ գաղափարական առաջնահերթությունների ճանապարհով: Հայրենիքի, երկրի պաշտպանության հիմքում առաջին հերթին գաղափարն է, եթե դա անտեսում ես, ոչնչացնում ես, բացառում ես, ապա մնացած գործոնները կամ չեն աշխատի, կամ կդառնան խիստ անարդյունավետ:
Զինված ուժերում համալրման, մասնագիտական պատրաստության և բարոյահոգեբանական խնդիրների համատեքստում որպես լուծում՝ գումարային փոխհատուցմամբ ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից: Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումները, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարակական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև շեշտեց՝ այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը: Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները, սոցիալական երաշխիքները եղել են կարևոր գործոն՝ բանակի արդիականացման և մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, սակայն բերել խառնել ու բանակում առկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից, պարզապես վերջնական փակուղի գնացող ճանապարհ է:
Զինված ուժերում համալրման խնդիրները բազմաթիվ գործոններով են պայմանավորված՝ պետության մոտեցումից, արժեքային համակարգի անկումից՝ մինչև սոցիալական խնդիրներ, սակայն վերցնել ու բանակի հիմնական սյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունն այս աստիճանի խեղաթյուրելն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում: Բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են. հատկապես որ, մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոփոխվել և այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: Շարունակելով, Տիգրան Աբրահամյանը նաև ասաց, որ պարտադիր ժամկետային ծառայության հարցում իշխանության մոտեցումը մեկ այլ բան ակնհայտ դարձրեց: «Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների, առկա սողանցքների հաղթահարման կամ դրանց նվազագույնին հասցնելու խնդիրն իշխանությունը տապալել է, և հիմա ծաղկող արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել դրանց օրինականացման և կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում