
Բայց ինչո՞ւ իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ պետք է հակադրվեն Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններին. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ կան շրջանակներ, որ հենց Երրորդ նախագահից են կոնկրետ լուծումներ սպասում, որքան էլ հայտարարում է, որ չի ցանկանում իշխանության գալ, նշեց, որ իրենց պետք չեն մարդիկ, ովքեր ուզում են, որ ՀՀԿ-ն գա իշխանության, որ իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն.
«Դրա համար մենք շատ հստակ հայտարարել ենք, որ իշխանություն չենք ուզում»:
Դիտարկմանը՝ պարզ քաղաքացիներ էլ կան, որոնք ակնկալում են, որ Երրորդ նախագահի առաջնորդությամբ լուծումներ պետք է լինեն, նա արձագանքեց.
«Եթե համակրում են, մենք պատրաստ ենք միշտ հանդիպել այդ համակրողների հետ, իրենց հետ խոսել, խորհրդակցել, մեր կարծիքն ասել: Բայց երբ այդ համակիրների բանակը շատ մեծ կլինի, այդ ժամանակ մենք կառաջարկենք մեր գաղափարակիցներից մեկին, կասենք՝ սիրելի ժողովուրդ, այ, այս մեր գաղափարակիցը կարող է կառավարել այս հանրապետությունը, մենք էլ՝ իրեն ծառա: Ոչ թե, ինչպես այդ ուժեղ խմբակցության պատգամավորներից մեկն ասաց, որ իբր ես ձգտում եմ լինել Հայաստանում Իվանիշվիլի, ինչպես Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին է, ինչն ուղղակի աբսուրդ է: Նման մարդիկ միշտ փորձում են ուրիշին վերագրել այն, ինչն իրենց հոգու խորքում է: Դա ծիծաղելի է»:
Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական դաշտից չի հեռանում, նա պատասխանեց.
«Երբ կզգամ, որ ՀՀԿ-ի համար բեռ եմ, վայրկյան անգամ չեմ հապաղի: Բայց երբ ինքս տեսնում եմ իմ ընկերների վերաբերմունքը, ես դա ուղղակի տմարդի արարք կհամարեի, եթե հիմա գնայի՝ մեր տանը նստեի: Ես չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր համարում են, թե ՀՀ քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն՝ մենք նստել ենք այդ մեքենան, այլևս իրենց համար տեղ չկա, ասում են՝ իջեք, մենք գանք նստենք: Դաշտն ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ, համակիրներ ձեռք բերեն, թող իրենց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց, իրենց ո՞վ է խանգարում: Եվ այդ ասողներն ովքե՞ր են, ես իրենց մի անգամ կանդրադառնամ, իրենց գնահատականը կտամ»:
Սերժ Սարգսյանն առաջիկայում ասուլիս չի նախատեսում, կընտրի այլ ձևաչափ, որտեղ բոլորը հնարավորություն կունենան իրեն հարցեր տալու:
Մանրամասները՝ տեսանյութում