Բաժիններ՝

Ատոմակայանների կառուցումից հետո Թուրքիան տարեկան կտնտեսի 7.2 միլիարդ դոլար. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շարունակելու է երկրում զարգացնել ատոմային էներգիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայում ատոմակայանների կառուցումը երկրի գազային պահանջարկը տարեկան կկրճատեն ավելի քան 7.2 միլիարդ դոլարով: Նա հավելել է, որ երկրի կառավարության պլանների մեջ է մտնում նաև թուրք ինժեներների կողմից ատոմակայանի կառուցումը երկրում:

Նախարարի խոսքերով՝ Թուրքիայում դեռևս պլանավորված չէ ատոմային էներգիայի ոլորտի մասնավորեցում, սակայն հետագայում պետք է նախնական աշխատանքներ կատարվեն տվյալ ուղղությամբ:

Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցվել է միջերկրածովյան Աքքույու վայրում, այն կառուցելու է Ռուսաստանը, իսկ երկրորդ ատոմակայանը՝ սևծովյան Սինոպում: Երկրորդ ատոմակայանի կառուցման իրավունքն օրեր առաջ շնորհվեց Ճապոնիային: Թուրքիան պլանավորել է կառուցել նաև երրորդ ատոմակայանը, որի ստույգ վայրը դեռ հստակեցված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս