«Չենք  պատրաստվում արտահերթ ընտրությունների». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմից, որի մասին օրերս ԱԺ-ում խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը։ Այս համատեքստում նա պատասխանեց իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ի՞նչը պետք է ՀՀ քաղաքացին պահի իր ուշադրության կենտրոնում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է ավելի շատ իշխանությունների անելիքների մասին խոսել։

«Ես իմ անելիքը տեսնում եմ ՀՀ քաղաքացիների հետ շփումներն ուղիղ և չմիջնորդավորված ունենալը, սա երբեք չի ընդհատվել։ Ընդ որում, ամեն տարի կան պնդումներ, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սա կապված է նրա հետ, որ ես ու մեր գործընկերներն ակտիվ մարզային շփումներ ենք ունենում։ Մենք, ինչպես և նախկինում, չենք  պատրաստվում արտահերթ ընտրությունների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Կառավարության անդամներին ևս հորդորում է, որպեսզի կաբինետներից դուրս էլ ունենա շփումներ մարդկանց հետ, և դրա համար օրինակ է ծառայում։

Կարդացեք նաև

«Ժողովուրդն ինչին պետք է ուշադիր լինի՝ ուշադիր կլինի։ Ես միշտ հավատացել եմ քաղաքացու հետ երկխոսությանը, երբեք չեմ հավատացել աղմուկին։ Աղմուկն ուրիշ բան է, իսկ իրականությունն ու իրական բովանդակությունը՝ ուրիշ։

Քաղաքական ազնվությունն ու անկեղծությունն ուրիշ բան է, և այնտեղ, որտեղ մենք սխալվել ենք, պետք է ընդունենք։ Այնտեղ, որտեղ չենք սխալվել, թեկուզ բոլորը մտածում են, որ սխալվել ենք, մեր սկզբունքների ու ճշմարտության համար պետք է պայքարենք։ Այս պայքարի ու խոսույթի մեջ ինչ պետք է, քաղաքացին կտեսնի»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս