
Իմ խոսքը ուժ է, իմ խոսքը գործ է. բախտին էլ երբեք չեմ հավատում. Հռիփսիմե Ստամբուլյան
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, «ԱՆՌԻՎԱ» ընկերությունների խմբի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանն է։
Հարցազրույցի ընթացքում Ստամբուլյանի հնչեցրած կարևոր թեզերը ներկայացնում ենք ստորև.
– Պատասխանատվություն, հստակ դիմագիծ, ստեղծագործելու և սիրելու ունակություն. այս ամենով եմ առաջնորդվում։ Ինձ համար բիզնեսը նաև ստեղծագործելու մասին է։ Ես սիրող տեսակ եմ:
– Հաջողակ բիզնեսի գրավականը երջանիկ մանկությունն է, և կապ չունի, թե ինչ ընտանիքում ես մեծացել՝ լայն հնարավորություններո՞վ, թե՞ ոչ։ Շատ կարևոր է, որ երեխան ստանա սեր, որն էլ հետագայում կօգտագործի իր գործունեության մեջ։
– Կարիերաս սկսել եմ բանկային ոլորտից. բիզնես սկսել եմ անել 25 տարեկանից, երբ բանկում աշխատելիս հանդիպեցի վատ բաների։
– Պլանավորել էի իմ կարիերան հենց բանկային ոլորտում անցկացնել, ցանկանում էի դառնալ բանկի կառավարիչ, այդ նպատակով մեկնեցի Կիպրոս և Հնդկաստան՝ կրթություն ստանալու, բայց այլ ուղով գնացի։
– Ես իմ բիզնեսը սկսել եմ 1000 դոլարով, որը նվեր էի ստացել իմ արտասահմանցի գործընկերներից. եկել էին բալիկիս տեսնելու, նվեր տվեցին։
– Ստեղծեցի «Անռիվա» ընկերությունը. սկզբում բեռնափոխադրումներով էինք զբաղվում, հետո՝ ուղևորափոխադրումներով։ Շատ արագ ենք աճել որպես ընկերություն. աճել ենք մեր պատասխանատվությամբ և նորույթ բերելու ունակությամբ։
– Բնավորությամբ շատ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ։
– Փորձում եմ ամեն ինչ անել, որ չտուժի ընտանիքս։
– Երբեք չեմ գնա Հայաստանից, ոչ մի պարագայում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, ի վերջո, եթե բոլորը գնան, ո՞վ ստեղծի մեր հայրենիքում։ Պետք է պայքարել Հայաստանում մնալու համար։ Ինձ համար ամենաառաջին տեղում, որպես արժեք, իմ հայրենիքն է։ Ինչ անում եմ, փորձում եմ անել հայրենիքում։ Իհարկե, որոշակի ներդրումներ անում եմ նաև այլ երկրներում, բայց դրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Ես ուզում եմ մեկ ավել աշխատատեղ ստեղծել Հայաստանում։ Կարծում եմ՝ մինչև կյանքիս վերջ էլ այդպես եմ ապրելու։
– Ինձ համար ամենակարևոր բանն իմ կյանքում իմ խոսքի ուժն է. Իմ խոսքը պետք է գործ դառնա, երբ տեսնում եմ, որ խոսքս գործ չի դառնում, միայն այդ պարագայում եմ կիսատ թողնում։ Բախտին երբեք չեմ հավատում։
– Վստահում եմ աշխատասիրությանը, ինքնակրթությանը։ Եթե գործարարը կրթված չէ, ինքը կախված է շատ մարդկանցից, կրթությունը նաև ինքնուրույնություն է՝ գրագետ բիզնեսի գրավականը։
– Չեմ ուզում այլ երկրում գործունեություն ծավալել. ես փորձում եմ Հայաստանի սահմաններից ներս կերտել ինձ՝ որպես գործարար։ Գործարարները պետք է ունենան հեռուն նայելու կարողություն, ինչի բացակայության պատճառով է հաճախ, որ նրանց բիզնեսները չեն մեծանում։
Հարցազրույցի վերջում Հռիփսիմե Ստամբուլյանին խնդրեցինք հարց ուղղել «Կապիտալի ուժը» հաղորդաշարի հաջորդ հյուրին.
Հարցը՝ ստորև՝
– Ի՞նչ կանեիք Դուք՝ որպես գործարար, որպեսզի կարողանայիք ստեղծել առողջ մրցակցային դաշտ՝ Ձեր բիզնեսից զատ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։