Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ տեղում Արթուր Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար. փաստաբան

«Ինչպես գիտեք, Նոր Նորքի թաղապետի և իր հանցակիցների կատարած հանցագործությունների արդյունքում Արթուր Չախոյանին պատճառվել էին մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում վերջինս հոսպիտալացվել էր ու մինչև այժմ ստացիոնար բուժում է ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օրերս ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Քննիչի կողմից նախորդիվ իրավացիորեն կայացվել էր Արթուր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների` Ա. Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ ֊ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։

Հարկ եմ համարում իրազեկել, որ չի կազմակերպվել նաև դատաբժշկի այցը ԲԿ տեղում Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։

Հատկանշական է, որ Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համաի, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս