Համ ոստիկան է, համ էլ Հյուսիսային պողոտայում է ապրում. մամուլ
«Երեկ մեր թերթում հրապարակել էինք տեղեկատվություն Երևանի «Հյուսիսային պողոտայում» տեղի ունեցած մի միջադեպի մասին։ Պողոտայում կիթառ նվագող Գևորգին մոտեցել էր մի երիտասարդ և պահանջել, որ հեռանա այդտեղից»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ խմբագրություն զանգահարեցին ընթերցողներ և հայտնեցին, որ սույն անձը ոստիկանության աշխատակից է՝ Կարեն Ամարյան անուն ազգանունով։ ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց, որ նա ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է և ավելացրեց, որ նա իրոք տուն ունի «Հյուսիսային պողոտայում»։
Միջադեպի հետ կապված ծառայողական քննություն լինելո՞ւ է, թե ոչ՝ հարցին Մալխասյանը պատասխանել է՝ «Իսկ ինչի համար, եթե նա ոստիկան է ու ապրում է այդտեղ, իրավունք չունի՞ դժգոհելու, որ երաժշտությունը իրեն խանգարում է»։