ՄԱԿ-ն անհանգստացած է Արկտիկայի սառցադաշտերի՝ ռեկորդային արագությամբ կրճատվելուց
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել 2012 թվականի օգոստոս-սեպտեմբերին արկտիկական սառցադաշտերի ռեկորդային հալման կապակցությամբ, ինչը գերազանցել է 2007 թվականի ռեկորդը:
Այս մասին նշված է կազմակերպության զեկույցում: 2012 թվականի աշնան սկզբին, որը հայտնվել է 1850 թվականից ի վեր ամենատաք տարիների տասնյակում, Արկտիկայի սառցե ծածկույթի տարածքը կազմել է 3.4 միլիոն քառակուսի կիլոմետր: Դա 18 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած 2007 թվականի հետ:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժառոն հայտարարել է, որ դա կլիմայի փոփոխման տագնապի ազդանշան է: Կազմակերպությունն ընդգծել է, որ 2012 թվականին հողի և օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը եղել է 0.45 աստիճանով ավելի բարձր, քան 1961-1990 թվականների միջին ջերմաստիճանը՝ 14 աստիճան Ցելսիուս:
Ջերմաստիճանի ամենամեծ բարձրացումը նկատվել է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայի հարավում, Ռուսաստանի արևմտյան մասում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ամերիկայի հարավում: Դրա հետ մեկտեղ միջին ջերմաստիճանը նվազել է Ալյասկայում, Ավստրալիայի հյուսիսային ու արևելյան շրջաններում և Կենտրոնական Ասիայում: