Գյումրու կրակոցներին մասնակից Քավոր Հարութը կարողացել է խոսել, նրան նաև հարցաքննել են

Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներից հետո շտապ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Հարություն Խաչատրյանը, ով գյումրեցիներին ավելի շատ հայտնի է «Քավոր Հարութ» մականվամբ, արդեն հարցաքննվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը:

Չնայած նրան, որ կրակոցներից հետո` գնդակը մտնելով նրա թևից, պտտվել էր մարմնում և հանգրվանել լեզվարմատում, վիրահատվելուց հետո վերականգնվել է խոսելու կարողությունը, և նա նաև հարցաքննվել է: Վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանի խոսքերով` նրա վիճակը հիմա բավարար է:

«Հարությունի առողջական վիճակը այս փուլում գնահատվում է բավարար վիճակում, նա շարունակում է մնալ հիվանդանոցում և ստացիոնար վերականգնողական բուժում ստանալ: Խոսել է, նրան հարցաքննել են նաև:

Դուրս գրման մասին չեմ կարող ասել ոչինչ, որովհետև դուրս գրումը ոչ միայն առողջականի, այլ իրավական խնդիրների հետ է կապված, որոշելու են իրավապահ մարմինները: Մեծ վտանգները` առողջական տեսակետից, արդեն անցյալում են»:

Հիշեցնենք, որ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցներից հետո Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը մահացել էր հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) տեղափոխվել էր հիվանդանոց և տևական ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Տեսանյութեր

Լրահոս