Ի՞նչ կանի ԲՀԿ-ն, եթե ՀԱԿ-ը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում ներկայացնի իր անդամների դեմ

168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք  մտահոգություն չունի՞, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը մի օր էլ ԲՀԿ-ական «հարուստ» հայտարարագրերի ներկայացուցիչների դեմ հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես վարվեց ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի դեպքում:

Ի պատասխան՝ Վահան Բաբայանը նշեց. «Եթե լինի օրենքի խախտում, և մարդիկ, ովքեր կարող են դատի տալ, իրենք, առանց իմ ուզելու կամ չուզելու, դա անելու են: Մանավանդ, երբ քաղաքականության մեջ դա ընդունված տարբերակ է: Կա օրենք, որով պետք է շարժվել»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև ավելացրեց. «Հարուստ հայտարարագիր ունենալը հանցագործությո՞ւն է: Ով ինչքան հարստություն կամ ֆինանսական միջոցներ ունի, այդ մարդկանց խնդիրն է: Եթե տեղի է ունեցել որոշակի օրենքի խախտում, կամ կան փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին, թող այդ հարցը բարձրաձայնվի: Ո՞ւմ է հետաքրքրում, թե ով՝ ինչքան փող ունի»:

Մեր դիտարկմանը, թե՝ չե՞ք կարծում, որ հասարակությանը հետաքրքիր է, թե ինչքա՞ն հարստություն ունի իր երկրի պատգամավորը և ի՞նչ ճանապարհներով է վաստակել այդ միջոցները, Վ. Բաբայանը նշեց. «Դրա համար հայտարարագրում ենք: Ես էլ եմ պատգամավոր, ես էլ եմ իմ եկամուտները հայտարարագրում: Հիմա, եթե ես ինչ-որ բան ունեմ, բայց չեմ հայտարարագրել, դա այլ հարց է, ու, եթե այս հարցով հետաքրքրվողներ կան, պետք է նայվի հարցի իրավական կողմը, թե չհայտարարագրելու դեպքում ի՞նչ քրեական կամ վարչական պատասխանատվության պետք է ենթարկել, նոր նման հայտարարություններ անել»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ԲՀԿ-ի ցուցակում չկա՞ն մարդիկ, որոնց հայտարարագրերն ամբողջական իրականությունը չեն ներկայացնում, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ դա անձնական հարց է, իսկ ինքը չի հետաքրքրվում, թե ով ինչ ունի և, հետևաբար, չի կարող խոսել կուսակիցների ունեցվածքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս