
Խնդրում եմ՝ թող Նիկոլը շուտ-շուտ գա Գյումրի. ամեն գալով՝ ՔՊ-ն ընտրող է կորցնում. գյումրեցին չի կարող ձայն տալ մի ուժի ներկայացուցչի, ով ասում է՝ դե, չենք կռվել. Ռուբեն Մխիթարյան
«Էսօր Գյումրին դարձել է Հայաստանի քաղաքական հայրաքաղաքը։ Էսօր Գյումրիում տեղի են ունենում պրոցեսներ, որոնցից կախված է ոչ միայն Գյումրիի զարգացումը, այլև Հայաստանի հետագա լինելիությունը, ու սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն, որովհետև ուժ, որը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար, ուժ, որի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ուժ, որը հաճույքով խոսում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, բայց չի խոսում սեփական լրագրողների, քաղաքական գործիչների հետ, հավակնում է Գյումրիում իշխանություն ունենալ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ, գործարար, Գյումրիի քաղաքապետի թեկնածու (քվեաթերթիկներից 9-րդը) Ռուբեն Մխիթարյանը։
Վերջինս նկատեց՝ Գյումրի գալով՝ Նիկոլ Փաշինյանի 30 րոպեանոց ելույթի մեջ չի եղել մի բառ, որը վերաբերեր գյումրեցու հոգսերին ու կարիքներին։
«Եկել էր Գյումրի նախկինների, թալանչիների լոլոն կարդալու համար։ Իրեն թվում է՝ դա ազդելու էր գյումրեցիների վրա։ Խնդրում եմ՝ թող Նիկոլը շուտ-շուտ գա Գյումրի, որովհետև ամեն անգամ Գյումրի գալով՝ ՔՊ-ն կորցնում է իր էլեկտորատի մի մասը»,- ասաց նա:
Ռուբեն Մխիթարյանը նշեց՝ գյումրեցին պատվախնդիր մարդ է, և գյումրեցին ամոթից գետինն է մտնում, որ իր քաղաքում ներդրումներ արած Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվի բանտում է։
«Գյումրեցին ամեն ինչ շատ լավ հասկանում է, ու գյումրեցին ձայն չի տալու Սարիկ Մինասյանին, որովհետև գյումրեցին չի կարող դեմ լինել «Ջարդի ձոր» հասկացությանը։ Գյումրեցին ջարդից հետո որբերին ապաստան է տվել։ Նա չի կարող ձայն տալ ցեղասպանությունը ժխտող ուժին։ Գյումրեցին չի կարող ձայն տալ մի ուժի ներկայացուցչի, ով ասում է՝ դե, չենք կռվել։ Սա կռիվ է ոչ միայն Գյումրիի ապագայի, այլև մեր բոլորի արժանապատվության համար, ու ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր ուժերը դա շատ լավ հասկանում են»,- եզրափակեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուն:
Մանրամասները՝ տեսանյութում: