
Ֆրանսիայում դատում են 81-ամյա որսորդին, որը փրկվելու համար կրակել է իր վրա հարձակված արջին

Ֆրանսիայում որսորդը դատարանի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ սպանել է իր վրա հարձակված վերացման վտանգի տակ գտնվող արջին: 81-ամյա Անդրե Ռիվսը վարազի որս էր անում 2021 թվականի նոյեմբերի 20-ին, երբ Կարամել մականունով էգ գորշ արջը կատաղի հարձակում է գործել նրա վրա՝ մի քանի տասնյակ մետր քարշ տալով ոտքերից: Դաժան հարձակումն ավարտվել է այն բանից հետո, երբ Ռիվսին հաջողվել է կրակել և սպանել կենդանուն, սակայն թոշակառուն մնացել է երկու ոտքերի կոտրվածքներով և բազմաթիվ վնասվածքներով, գրում է Daily Mail-ը:
Բայց քանի որ գորշ արջը Ֆրանսիան և Իսպանիան բաժանող լեռնաշղթայում՝ Պիրենեյներում, պահպանվող տեսակ է, Ռիվսին մեղադրել են անհետացող կենդանու սպանության համար:
Երեքշաբթի Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արիե դեպարտամենտի Ֆուա քաղաքում ելույթ ունենալով դատարանում՝ Ռիվսը նկարագրել է այն պահը, երբ գիշատիչը հարձակվել է.«Նա բռնեց իմ ձախ ազդրից, ես խուճապի մատնվեցի և կրակոց արձակեցի։ Նա մռնչալով ետ գնաց, շրջեց ինձ և կծեց աջ սրունքս: Ես ընկա, նա ոտքս էր ուտում: Ես լիցքավորեցի հրացանս և նորից կրակեցի»։
Դեպքը բողոքի ալիք է բարձրացրել Ֆրանսիայում, որտեղ որսորդները և ակտիվիստները ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանություն Ռիվսի: Նրանք պնդում են, որ թոշակառուն գործել է ինքնապաշտպանության նպատակով: Տեղի որսորդական ֆեդերացիայի նախագահ Ժան Լյուկ Ֆերնանդեսն ասել է, որ Ռիվսը սպանել է արջին ինքնապաշտպանության նպատակով: Վայրի բնության ասոցիացիաները նույնպես ցույցեր են կազմակերպել դատարանի մոտ: