Ինչի պատճառով է տառապանքի մեջ հայտնվել փոքր բիզնեսը
«Փոքր բիզնեսն այսօր իրականում տառապանքի մեջ է, և այդ տառապանքի պատճառները մի քանիսն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ փոքր և միջին բիզնեսի բնագավառում հետազոտություն են իրականացնում և փորձում են վեր հանել այն գործոնները, որոնք առավել շատ են ազդում դրանց գործունեության վրա:
Գագիկ Մակարյանը նշեց փոքր բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հիմնական դժգոհությունները: Օրինակ, տաքսի ծառայությունը դժգոհել է, որ չունեն բավարար քանակի ուղևորներ, իսկ ստացված եկամուտով հնարավոր չէ անգամ 3-4 հոգանոց ընտանիք պահել։ Արդեն 15 տարի գործունեություն ծավալած հրուշակեղենի արտադրամասի սեփականատերը նշել է, որ գնորդների քանակը նվազել է, և այս միտումը պահպանվելու դեպքում, արտադրամասը կփակվի: Այս իրավիճակի առաջին մեղավորը, ըստ Գագիկ Մակարյանի, արտագաղթն է: Նա նշեց, որ այսօր փոք բիզնեսի համար լուրջ խոչընդոտ է նաև վարկավորումը, քանի որ նախ բանկերը բավական բարձր տոկոսադրույքով են վարկավորում կատարում և երկրորդը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված է ևս մեկ խոչընդոտ` մասնավոր բանկերը իրավունք չունեն փոխել վարկի մարման ամսական գումարները, այնիչ ճիշտ մոտեցումն այն է, որ վարկը մարվի` ըստ ամսական ստացած եկամուտի: «Այսօր բոլորը զարմանում են, թե ինչու չեն ցանկանում վարկ վերցնել: Չեն ցանկանում վերցնել, որովհետև նախ չեն վստահում բանկերին, տոկոսադրույքները բարձր են, անշարժ գույքի հաշվարկման տոկոսադրույքերը բավական խիստ են»,-նշեց Գագիկ Մակարյանը: Գործատուների միության նախագահը նշեց, որ փոքր և միջին բիզնեսի համար խոչընդոտ է նաև օրենսդրության դաշտի փոփոխությունը. տարեսկզբին փոխվում է օրենսդրությունը, իսկ փոքր բիզնես ունյեցողները, չունենալով համապատասխան ռեսուրսներ, 2-3 ամիս դեռ տեղյակ չեն լինում փոփոխությունից, ինչից էլ օգտվում են հարկային մարմինները: «Պատահականությամբ, թե դիտավորությամբ այդ ժամանակ են բոլորը փորձում նրանց սկսում ստուգել և այդ ժամանակ են փորձում ակտեր գրել: Կարծես թե օգտվում են առիթից, որ փոքր բիզնեսը չգիտի, որ նոր վեկտորով պետք է աշխատի, և հաճախ այդ երկու երեք ամիսը դառնում է ճակատագրական»,-նշեց Գագիկ Մակարյանը: Հայաստանի գործատուների միության նախագահ առանձնացրեց նաև փոքր բիզնեսի համար հումքի, հաշվապահության հետ կապված խնդիրները: