Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆրանսիայի նախագահն ասում է, որ Ռուսաստանը չպետք է որոշի՝ եվրոպական խաղաղապահներ հայտնվեն Ուկրաինայում, թե՞ ոչ:

Ռուսաստանը թերևս այդ հարցը չի էլ որոշում: Իհարկե, դեմ է արտահայտվում, բայց դա դեռ չի նշանակում որոշել կամ իրապես այդ հարցով զբաղվելու ցանկություն:

Այդ հարցը Չինաստանի որոշման դաշտում է:

Ուկրաինական պատերազմի խոշոր բաժնետերը Չինաստանն է՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողքին:

Չինաստանը Ռուսաստանից ակնկալում էր հայտարարությունը, որը հնչեց օրեր առաջ, որ՝ Մոսկվան կողմնակից է այսպես ասած չեզոք խաղաղապահների, օրինակ Չինաստանը:

Չինաստանն իհարկե չեզոք է ֆորմալ իմաստով, և դա բոլորն են հասկանում, բայց այստեղ էականն իհարկե Չինաստանի անունը հնչեցնելն էր, ինչը թերևս ակնկալել էր Պեկինը՝ օրեր առաջ ընդունելով Շոյգուին և քննարկում ունենալով նրա հետ ընդհուպ նախագահական մակարդակում:

Այնպես որ, Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» թերևս Չինաստանն է, և Ֆրանսիայի նախագահը, որը մեկ տարի առաջ Սի Ցզինպինին բարձրացրել էր իր մանկության լեռները, դա գիտե թերևս հիանալի:

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է հայտարարում, որ Ռուսաստանը չի լինելու որոշողը: Դա թերևս հենց նախընտրության դրսևորում է: Փարիզն ըստ ամենայնի նախընտրում է, որ այդ հարցում «դիմացի» կողմը լինի Ռուսաստանը, գուցե համարելով, որ Մոսկվայի հետ կարող են շատ ավելի ընդհանուր բան ունենալ այդ հարցում պայմանավորվելու, քան Չինաստանի:

Քաղաքականությունն ուղիղների մասին չէ, այլ բարդ ոլորանների»:

Տեսանյութեր

Լրահոս