ՄԱԿ-ը պետք է հասկանա՝ Ադրբեջանում կատարվողն առաջին հերթին խարան է իր համար. Գեղամ Ստեփանյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, թե ողբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իր իսկ կանոնադրական նպատակների, իր իսկ կանոնադրական սկզբունքների, հիմնարար սկզբունքների պաշտպանության համար:

«Սա համատարած է աշխարհում, բայց առնվազն մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այդ անգործությունը շատ ավելի ընդգծված է, կան մեխանիզմներ, կան գործողություններ, որ պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար առնվազն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական վիճակը, պահման պայմանները և, իհարկե, վերջ դնելու այդ դատական փաստին և անձանց հայրենադարձնելու իրենց հայրենիք»,- հայտարարեց նա։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ինքնորոշման համար Արցախի ժողովուրդը պայքարից, իսկ նույն միջազգային իրավունքը շատ հստակ ամրագրում է, որ ինքնորոշման համար պայքարի ելած, ապստամբած ժողովուրդներն ունեն այդ իրավունքը և որևէ ձևով դրանում որևէ հանցագործություն չկա։

«Եվ այսօր Բաքվում գտնվող անձինք, իհարկե, հենց դրա համար են գտնվում այնտեղ: Այսինքն, մարդիկ, որոնք պայքարել են ինքնորոշման համար, կանգնել են այդ ինքնորոշման դիրքերում և Արցախի ժողովրդի հետ միասին առաջ են մղել այդ իրավունքների պաշտպանության օրակարգը, այսօր դատվում են, այսօր գտնվում են անազատության մեջ, պարզապես իրենց հիմնարար իրավունքների իրացման համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրան զուգահեռ տեսնում են, որ բոլոր այն կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որն իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը՝ ազգերի իրավահավասարության իրավունք, ուղղակի որևէ գործողություն չեն ձեռնարկում  ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար։

Կարդացեք նաև

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձել է այս հարցին, ինչը նշանակում է, որ չեք կարող ասել՝ տեղյակ չէիք, ֆիքսվել է, որ տեղյակ եք և արդեն պետք է կատարեք գործողություններ, որոնք կնպաստեն այդ իրավիճակի կարգավորմանը»,- ասաց նա:

Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ իրենց խնդրանք-պահանջը բխում է հենց նրանից, որ օր առաջ շոշափելի և գործնական քայլեր ձեռնարկվեն աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված ՄԱԿ-ի կողմից, որի հիմնարար սկզբունքներից են հենց մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Ի վերջո, ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար՝ որպես միջազգային կազմակերպություն։ Եվ արդյոք ճի՞շտ է թույլ տալ, որ իր անդամ պետությունն այս ձևով, ուղղակի ցինիկաբար ոտնահարի միջազգային իրավունքի ամենատարրական սկզբունքները և մնա անպատիժ, կամ առանց որևէ հետևանքի»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս