
Փաշինյանն ու Emerson-NI ընկերության նախագահը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը Հայաստանում: Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ Emerson-Ni ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ:
Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով նա կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: