Միաձայն որոշել ենք՝ Դավիթ Իշխանյանը պահպանել է ՀՅԴ Բյուրոյի անդամի իր կարգավիճակը. Արմեն Ռուստամյան

Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել՝ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Պարզաբանենք Դավիթ Իշխանյանի պարագան, գիտեք, մեր ընկերը բանտարկված է, Բաքվի բանտում է, ունենք նաև լուրեր, որ առողջական խնդիրներ ունի: Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ։ Մենք վճռական որոշումների ընթացքի մեջ ենք՝ կապված մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ, որը մեր գլխավոր հարցերից մեկն է լինելու»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ Հայ դատի գրասենյակը, իրենց բոլոր կառույցներն ամեն ինչ անելու են, որ օր առաջ ռազմագերիները վերադարձվեն:

«Երբ Դավիթ Իշխանյանն ազատության մեջ լինի ու վերադառնա, նա պետք է համալրի բյուրոյի կազմը։ Սա միաձայնությամբ է որոշվել, մինչև անգամ նոր բյուրոյի ընտրության հարցի օրակարգ մտնելը: Դավիթ Իշխանյանը պահպանում է բյուրոյի անդամի իր կարգավիճակը։ Արցախի կառույցը նույնպես մենք պահպանում ենք: Գիտեք՝ Արցախը կենտրոնական կոմիտե էր, և այս ամեն ինչից հետո մեր կառույցի հիմնական մասը, բնականաբար, գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստան»,-ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս