
Լո՞ւրջ եք ասում. Ի՞նչ բարոյական պատասխանատվություն եք ուզում. Փաշինյանը՝ իր ավտոշարասյան կողմից հղի կնոջը սպանելու դեպքի մասին
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով.
«3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի շարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ:
Այս ֆոնին Սոնա Մնացականյանի հայրը արդեն սիրտ-անոթային խնդիրներ ունի, վերջին նիստին հորեղբայրը կաթված է ստացել: Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե այդ ո՞նց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է որևէ ՔՊ-ականի, օրինակ, ձեր ուղղությամբ խնձոր նետածին, օրինակ, Սամվել Վարդանյանին, միանգամից րոպեներ է տևում մարդկանց հայտնաբերելը, սովորաբար կալանավորելը ու պատիժը: Իսկ երբ հարցը վերաբերում է այսպիսի դեպքերին, երբ պատասխանատվությունը ձեզ է վերաբերում, որևէ հետևանք դա չի ունենում: Ստանդարտների երկակիությունը, հովանավորչությունը, դատական գործերին միջամտությունը էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում»։
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Երբ դուք հարց տալիս ասում էինք, թե մեր դեպքում դատական համակարգը լրիվ այլ կերպ է գործում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետևից ասաց. «Էդ լո՞ւրջ եք ասում»: Որովհետև իր դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկդ դատապարտված չէ: Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակը, երբ մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որն ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում:
Էլ չեմ ասում, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է, որ պարտվում են: Գալիս ենք այստեղ՝ ասում եք՝ բռնապետություն է, մարիոնետային դատական համակարգ է, մեկ էլ լուրերը կարդում ենք, տեսնում ենք՝ մեր խմբակցության պատգամավորը դատական գործը պարտվել է, մյուսը էլի պարտվել է: Դա ո՞նց է լինում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում