Իրանի դեսպանատան ներկայացուցչին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կարծիքներ փոխանակելու և Անկարայի հասցեին մի շարք իրանցի պաշտոնատար անձանց մեղադրանքները քննարկելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է Anadolu-ն, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Օնջյու Քեչելին։

Ավելի վաղ Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Ղըրլագիչին հրավիրել էին Իրանի ԱԳՆ։ Առիթը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններն էին Իրանի մասին։

Քեչելին նշել է, որ իրանական կողմի հետ հանդիպումներն ու կարծիքների փոխանակումները պարբերական բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ այս հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցեր, ինչպես նաև դիտարկվել են մի շարք իրանցի պաշտոնատար անձանց պնդումները Թուրքիայի վերաբերյալ։

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վերջին ժամանակներս հաճախացել են Անկարայի հասցեին Իրանի պաշտոնատար անձանց կողմից հնչող քննադատական մեկնաբանությունները։

Քեչելին հիշեցրել է, որ ավելի վաղ իրանական կողմին է փոխանցվել այդ թեմայով Թուրքիայի ԱԳՆ-ի պատրաստած դոսիեն։

«Կարծում ենք, որ արտաքին քաղաքականության հարցերը որևէ պարագայում չպետք է օգտագործվեն որպես ներքին քաղաքականության նյութ։ Գերադասելի է, որ այն ազդակները, որոնք անհրաժեշտ է հասցնել մյուս կողմին, փոխանցել անմիջապես հասցեատերերին։ Այսօր ևս այդ ճանապարհով ենք գնացել։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին։ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդումը կարևոր է մեզ համար»,-ասել է նա` մեկնաբանելով իրավիճակը։

Հիշեցնենք, որ թուրքական դիավանագիության ղեկավարը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին իր հերթին ապակառուցողական էր անվանել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի արտահայտությունները Սիրիայում Թեհրանի քաղաքակության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս