
Ստացվեց այնպես, որ այն տղան, որ տարիներ առաջ աջակցում էր ՀՖՖ-ին, այդ օրը ձերբակալվեց բռնի ուժով, իսկ ՀՖՖ-ին հետաքրքիր էր միայն խաղի կայանալ/չկայանալը. Գրիգոր Յաղջյան

Գրիգոր Յաղջյանը, ով մեկն էր այն երկրպագուներից, ով ձերբակալվել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջով ակցիայի ընթացքում, գրում է. «Ուրեմն երբ 2019 թվականի դեկտեմբեր ամիսն էր, այդ ժամանակ ՀՖՖ նախագահի ընտրություններն էին մոտենում աջակցել եմ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Նրա ընտրվելուց հետո լիքը անգամ լեզվակռվի մեջ եմ հայտնվել մարդկանց հետ, ովքեր քննադատում էին նրան: Երբ Արմեն Մելիքբեկյանի խոսքով իր հիմնադրած ԲԿՄԱ-ն հանդես էր գալիս Հայաստանի առաջին խմբի առաջնությունում, մշտապես աջակցել եմ այդ նախագծին ու հենց իրեն` Արմեն Մելիքբեկյանին:
2021 թվականին Հայաստանի հավաքականը 3 անընդմեջ հաղթանակ տարավ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում ու դրանից հետո ՀՖՖ ղեկավարությունը այդ հաղթանակը վերագրեց իրեն: 2021 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց հնարավորություն ունեցա զրուցել Արմեն Մելիքբեկյանի հետ,որը ավարտվեց իմ «ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար» արտահայտությունով:
Դրանից հետո սկսվեց ժամանակաշրջան, որտեղ հասկացա, որ ես սխալ էի, իսկ ինձ հետ լեզվակռիվ տվող մարդիկ` ճիշտ: Ականատես եղանք նրան, որ 3 անընդմեջ հաղթանակը ՀՖՖ ղեկավարությունը վերագրեց իրեն, իսկ պարտության համար մեղավորը մարզիչն էր: Հետո ի հայտ եկան պարոն Մելիքբեկյանի դրոշակները` ԲԿՄԱ-ն ու Հայաստանի կանանց հավաքականը: Այս 2 նախագծերը դարձան Արմեն Մելիքբեկյանի արդարանալու դրոշակները, մինչդեռ հայկական ֆուտբոլը սկսվում է մանկապատանեկան ֆուտբոլով և ավարտվում Հայաստանի հավաքականով: Այս տարիների ընթացքում ՀՖՖ-ն չի կատարել իր խոստումների մեծ մասը, այդ թվում` Հայաստանի հավաքականի հետ մեծ մրցաշարի ուղեգիր նվաճելը:
2 օր առաջ` մարտի 1-ին ականատես եղանք հայկական ֆուտբոլի մարտի 1-ին: Ստացվեց այնպես, որ այն տղան, որ տարիներ առաջ աջակցում էր ՀՖՖ-ին, այդ օրը ձերբակալվեց բռնի ուժով, իսկ ՀՖՖ-ին հետաքրքիր էր միայն խաղի կայանալ/չկայանալը: Հիմա չեմ ցանկանում շատ մանրամասներ հայտնել, միայն կարող եմ ասել, որ այն մեղադրանքը, որ ինձ առաջադրվել է ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը; Ես չեմ հայհոյել ոչ մի ոստիկանի, ուժ չեմ կիրառել ոչ մի ոստիկանի նկատմամբ: Ավելի քան 48 ժամ ձերբակալվածների պահման վայրում գտնվելուց հետո ազատ եմ արձակվել, ստորագրությամբ, որ չեմ լքելու ՀՀ սահմանը:
Ուզում եմ արձանագրենք մի փաստ` սա բացառիկ դեպք է, երբ ՖԱՖ ու Կարմիր Արծիվներ ֆան-շարժումները, հայկական ակումբների մի շարք ֆան-ակումբներ, ինչպես նաև մի շարք հայկական ակումբեր համախմբվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, սա կարծում եմ տալիս է շատ հարցերի պատասխաններ կապված այն հարցի հետ, թե պարոն Մելիքբեկյանը այս տարիներին լավ է աշխատել թե վատ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակ ՖԱ-ի ավագ Հրայր Մկոյանին, Փյունիկ ՖԱ-ի մարզիչ Եղիշե Մելիքյանին, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանին և բոլոր այն մարդկանց. ովքեր իմ և մյուս 8 ձերբակալվածների խնդիրը համարել են նաև իրենց սեփական խնդիրը:
#ՀրաժարականինԱյլընտրանքՉԿԱ»»։