
2025-ի տնտեսական ցուցանիշներին անհնար է լինելու հասնել. Ամուլսարի հանքի հապշտապ շահագործումը ևս վիճակը չի փրկի. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տելեգրամյան ալիքում գրում է․
«2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարությունը(11,6%) և առևտուրը(9,6%): Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցություն է թողել արդյունաբերության(-10,4%) և արտաքին առևտրաշրջանառության(-40%) ծավալների վրա: Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ ամիսների ընթացքում, ինչը այլ հավասար պայմաններում իր բացասական ազդեցություն կթողնի փոխարժեքի շուկայի վրա:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2025 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 45.3%-ով(նման մտահոգիչ ցուցանիշ վերջին տասնամյակում չի գրանցվել). անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում` արդյունաբերությունը` -41,3%, շինարարությունը` -86,3%, առևտուրը` -51,8%, ծառայությունները` 19,7%:
Շինարարության և ֆինանսական ծառայությունների անկումը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ, որը հաջորդ ամիսների ընթացքուն էլ ավելի կխորանա:
2025 թվականի տնտեսական ցուցանիշները անհնար է լինելու հասնել առանց նոր աճի գործոնների, իրավիճակը չի փրկի նաև Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բավարար հիմնավորվածության շահագործումը:
Միջին անվանական աշխատավարձը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 21,3 տոկոսով. նվազել են և մասնավոր, և պետական հատվածների աշխատողների աշխատավարձերը, ինչը կարող է պայմանավորված լինել դեկտեմբեր ամսին տրվող առատ պարգևավճարների, հավելավճարների հետ:
Հիմնականում դրամի արժևորմամբ, ներկրումների աճով պայմանավորված գնաճը գտնվում է ցածր մակարդակի վրա` 1,7%, որը բացասական ազդեցություն է թողնում տեղական արտադրության վրա»: