
Առաջիկայում տնտեսական ակտիվության տեմպն էլ ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։
- ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1%`3 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից։ Առաջիկայում ակնկալվում են տնտեսական ակտիվության էապես ավելի ցածր տեմպեր, քան արձանագրվել է 2024-ին (կգործի նաև այսպես կոչված բազայի էֆեկտը՝ 2025-ի ցուցանիշները կհամեմատվեն 2024-ի՝ ոսկու վերաարտահանման գործոնի հաշվին արձանագրված բավական բարձր ցուցանիշների հետ)։
- Արձանագրվել են խոշոր բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների գծով։ Ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության ծավալներն էականորեն նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության (ոսկու վերաարտահանման) ծավալների էական նվազմամբ։ Իրականում արտահանման, ինչպես նաև արդյունաբերության ծավալների նվազումը սկսել էր դեռևս նախորդ տարվա կեսերից: Սակայն խոշոր բացասական ցուցանիշները սկսում են արձանագրվել, երբ ցուցանիշները համեմատվում են նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածներում արձանագրված բարձր ցուցանիշների հետ։ Արդյունքում այս տարվա առաջին ամիսներին ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման և ներմուծման աճի ցուցանիշները կլինեն բացասական։
- Պետական բյուջեի եկամուտների աճը 2025-ի հունվարին բավական բարձր է եղել՝ կազմելով 29.4%, այն դեպքում, երբ 2024-ի նույն ամսվա ցուցանիշն ընդամենը 0.8% էր: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունվարին բյուջեի եկամուտների աճի տեմպը կտրուկ դանդաղել էր։ Հետևաբար, եկամուտների աճի բարձր տեմպը հետագա ամիսներին չի պահպանվի, քանի որ ցածր բազայի առկայությունը հատուկ է եղել միայն նախորդ տարվա սկզբին։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ