
100 միլիոն դրամ 2024թ. գրանցված ՍՊԸ-ին՝ բասկետբոլի մարզախաղեր կազմակերպելու համար. ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը

2025 թվականին Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը։ Այս մասին նախորդ տարեվերջին տեղեկացրել էր Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը, իսկ այս տարեսկզբին արդեն այդ նպատակի համար տրամադրել հսկայական դրամաշնորհ։
Օրեր առաջ կնքված դրամաշնորհի պայմանագրի գինը 99 միլիոն 695.200 դրամ է, մատակարարը՝ «Սփորթ Սերվիս» ընկերությունն է, որը հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ։
Շուրջ 100 միլիոն դրամով, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, ընկերությանը պատվիրակվել է մարզախաղերի 4 փուլերի անցկացումը Երևանում և մարզերում` ներառյալ սննդի, գիշերակացի ու տրանսպորտային ծառայությունների ապահովումը։
2024 թվականի փետրվարին հիմնադրված «Սփորթ Սերվիս» ՍՊԸ-ն, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, հենց նույն թվականի մարտից է սկսել պետգնումներում իր հաղթարշավը՝ տասնյակ պայմանագրեր կնքելով Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև` մի քանի պայմանագրեր ԿԳՄՍ նախարարության հետ։
Ի դեպ, նախարարության հետ այս ընկերությունը ևս մեկ դրամաշնորհի պայմանագիր է կնքել 2024 թվականի մայիսին և 40 միլիոն դրամով ապահովել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի կազմակերպումը։
Եթե ԿԳՄՍՆ-ի հետ պայմանագիր կնքողը Վլադիմիր Գևորգյանի բիզնեսը չէ, ապա երջանիկ պատահականությամբ՝ զեմլյակի բիզնեսն է:
Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է Ստեփանավան քաղաքում, իսկ ընկերության 100 տոկոս բաժնետերն է Վլաս Դոխոլյանը։
Նկատենք՝ դրամաշնորհների ու այլ գնման գործընթացներով նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու առումով նախարարության հետ կնքված պայմանագրերով աչքի է ընկնում մեկ այլ ստեփանավանցի՝ Վլադիմիր Գևորգյանը։ Ինչպես հաճախ փաստել է 168.am-ը, նա իրեն աֆիլացված ընկերություններով պետգնումներում բավականին ակտիվ է։
Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու Վլադիմիր Գևորգյանի ու ստեփանավանցիների պետգնումային ֆենոմենին, երբ դեռ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ էր տվել «Սփլայեր» ընկերությանը․ դրամաշնորհը նաև այդ ՍՊԸ-ի դեբյուտն է պետգնումներում։
Մենք մասնավորապես նշել էինք. ««Սփլայեր»-ը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2024 թվականի մարտի 29-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Մարգարյանին։ ՍՊԸ գտնվելու վայրն է Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Չարենցի փողոց 106 Ա հասցեն։
Պարզվում է, որ երջանիկ պատահականությամբ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ, խաղերը կկազմակերպի Վլադիմիր Գևորգյանի հարևանը՝ իր նոր գրանցված ՍՊԸ-ով։
Նշենք, որ նախորդ տարի բանակային խաղերի մրցաշարը կազմակերպել էր այս ընկերությանը հարևան, կարելի է ասել՝ մի քանի տուն այն կողմ գտնվող «Լոռե Գրուպ» ՍՊԸ-ն (ՉԱՐԵՆՑԻ փ., 122), որը Վլադիմիր Գևորգյանի ընտանեկան բիզնեսի մի կտորն է։ 2023 թվականին այս խաղերը պետությանն արժեցել էին շուրջ 43 միլիոն դրամ»։