Կամո՛ Վարդանյան, բենզինի պայթյունի հետ կապված կարծիք չունե՞ս, թե՞ ունես, բայց պատերի տակ. Տիգրան Աբրահամյան

«Փաստորեն, երբ արդեն Արցախ-Հայաստան միջանցքը բացվեց, բնական է, որ դուրս գալու համար պետք է լիներ բենզին։ Պարզվեց, որ կար բավականաչափ բենզին, որը Արցախի Պաշտպանության բանակի ռեզերվն էր։ Բնական է, որ արցախցիների մեծ մասն ուներ բենզինի խնդիր, մանավանդ, որ խուճապ կար, որովհետև այդ օրերին տարածվում էր, որ ոչ բոլորին կարող են թույլ տալ դուրս գալ, ու երբ ինչ-որ պահի միջանցքը փակեն, մարդիկ կմնան պատանդի կարգավիճակում։ Այդ խուճապը սաստկանում էր նաև Հայաստանի իշխանության կողմից հնչող հայտարարությունների ֆոնին։

Իրավիճակը բավականին լարված էր, ու մարդիկ շտապում էին այնտեղ, ուր կար այդ բենզինը։ Իմ տեղեկություններով՝ այդ պահեստի պահպանությունն իրականացվում էր հատուկ նշանակության ջոկատայինների կողմից։ Ինչ-որ պահից, իմ տեղեկություններով, այդ պահեստի պահպանությունն իրականացնող մարդկանց դուրս են հանել այդտեղից։

Բացատրեք՝ ինչո՞ւ: Դրա իրավասությունն ուներ միայն Պաշտպանության բանակի հրամանատարը։ Ի՞նչ է եղել, որ կոնտրոլը կորցրել են, ի՞նչ է եղել, որ զինծառայողներին հանել են: Սրա պատասխանները չկան։ Փաստ է, որ տեղի է ունեցել 200-ից ավելի զոհերով մեծ ողբերգություն ՊԲ-ի պահպանության ներքո գտնվող տարածքում։ Սրա պատասխանը պիտի տրվի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Վերջինս նկատեց՝ կա տեսակետ, որ եղել է արտաքին միջամտություն:

«Այսինքն՝ եղել է ոչ թե ողբերգություն, այլ տեռոր, ահաբեկչություն։ Զոհերից 30-ը եղել են ՊԲ զինծառայողներ, 80-ը՝ պայմանագրային ու այլ ծառայողներ, այլ մարդիկ։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ո՞ւմ պատասխանատվության տակ է 300-ից ավելի զոհերի հարցը։ Ադրբեջա՞նն է, ասեք՝ Ադրբեջանն է, իսկ եթե չէ, ասեք՝ ո՞վ է։ Նկատի չունեմ՝ ստորին օղակներից մեկին բռնեն, շինծու գործով դատեն։ Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը սրա հետ կապված կարծիք ունի՞, թե՞ չէ։ Թե՞ ունի, բայց պատերի տակ է ասում։ Խոսքն Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի մասին է։ ՊԲ հրամանատա՛ր, դու մենակ հրաման ես տալիս մարդկանց մարտի մեջ մտցնելո՞ւ համար, թե՞ նաև պատասխանատվություն ես կրում քո ենթակայության ներքո ծառայող անձանց համար։ Կամո Վարդանյանը չմտածի, որ ինքն ասելիք չունի, ու կանցնի մի քանի տարի, ու ինքը հանգիստ կսկսի զբաղվել իր բիզնեսով։ Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, մյուսները, բոլորը պետք է խոսեն… ասելիք չունե՞ք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս