Գորիս քաղաքի հիմնադրումն ու քաղաքի արխիվային բացառիկ լուսանկարները

1896 թվականին Արցախի Շուշի քաղաքում հրատարակվում է «Ազգագրական հանդես»-ը, որը հայ իրականության մեջ ազգագրական առաջին պարբերականն էր:

Տպագրվել է հանդեսի 26 համար, որոնցից առաջինը տպագրվեց Շուշիում, իսկ հանդեսի մնացյալ համարները՝ Թիֆլիսում: Հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն էր հայ անվանի ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանը, ով 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում:

Նա կարողացավ իր շուրջ համախմբել ժամանակի հայ մտավորականներին, որը հիմք հանդիսացավ նաև «Ազգագրական հանդես»-ի ստեղծմանը: Հանդեսի վերջին համարը լույս տեսավ 1916 թվականին: 1898 թվականին լույս տեսած հանդեսի հերթական համարում գիտական հոդվածների մեծ մասը նվիրված էր Սյունիքին:

Հանդեսի այդ համարում կարդում ենք հոդվածներ նաև Գորիս քաղաքի մասին, որը նոր-նոր էր ծաղկում և զարգանում: Հոդվածի հեղինակը բանագետ Երվանդ Լալայանն է: Գորիսում և նրա շրջակայքում մեր պատմության ակունքները գնում են մինչև Ք.ա. 5-2-րդ հազարամյակներ: 1868 թվականի վարչական բաժանմամբ Գորիսը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոնը: Արդեն իսկ 1867 թվականին Հին Գորիսի տարածքից Խաչատուր Յոլունցն իր որդու հետ գալիս է ներկայիս Գորիսի տարածք և կառուցում առաջին տունը: 1870 թվականին սկսվեց Գորիս քաղաքի հիմնադրումը:

«Ազգագրական հանդես»-ի 1898 թվականի Դ համարում մանրամասն կարդում ենք Գորիսի մասին: Ե. Լալայանը նախ ներկայացնում է Հին Գորիսը, ապա գրում նաև Նոր Գորիսի մասին.

«Ահա՛ այս արհեստական քարայրներն են կազմել մելիքանիստ Գորիս գյուղը, որի աղքատ դասակարգը դարձյալ շարունակում է այդպիսի բնակարաններ կտրել յուր համար: Իսկ հարուստներն սկսել են շինել կանոնավոր տներ: Գյուղի կենտրոնում է հին, հասարակ եկեղեցին, իսկ սրա մոտ՝ Մելիք Հյուսեինյանների նախկին ապարանքը, որ այժմ ավեր է: Գյուղը ընդհանրապես կեղտոտ է, անկանոն և միմյանց վրա դիզված տներով ու նեղ, ծուռ ու մուռ փողոցներով»: («Ազգագրական հանդես», 1898, գիրք Դ, էջ 27):

Հին Գորիսը ներկայացնելով հոդվածում՝ գրվում է նաև Նոր Գորիսի մասին: Այդ հատվածում մի շարք հետաքրքիր մանրամասներ նկատում ենք նոր կառուցված և կառուցվող քաղաքի մասին, որը լիարժեք պատկերացում է տալիս ընթերցողին 1890-ականների քաղաքի մասին.

«Սրա հակապատկերն է ներկայացնում Նոր-Գորիսը, որ հնից բաժանվում է Գորիսի գետով: Սա հիմնված է 1870 թ., Ստարացկի գավառապետի ձեռքով և Մանուչար-Բեկ Մելիք-Հյուսեինյանի խորհրդով: Սրա տեղը հարթ է, նեղ, բայց բավական երկար: Հինգ կանոնավոր և շատ լայն փողոցներ ձգվում են հարավից հյուսիս, հետզհետե հյուսիսային կողմից ավելի և ավելի երկարելով: Ուրիշ հինգ փողոցներն էլ խաչաձև կտրում են այս փողոցները: Գրեթե կենտրոնում գտնվում է մի մեծ հրապարակ, որից ներքև կան մի շարք խանութներ, իսկ սրանց առաջ նոր տնկած քաղաքային ընդարձակ պարտեզը, հասարակ, փայտե ցանկապատով: Այս պարտեզը մի փողոցով բաժանում է վերին և ներքին մասերի, իսկ այս փողոցի եզրին կանգնած է Գ. Միրումյանի աղբյուրը, որի ջուրը չորս խողովակներից դուրս է թափվում գետերի մեջ:

Տներն ընդհանրապես գեղեցիկ են, մեծ մասամբ երկհարկանի, տաշած քարից շինած, փայտե կտուրներով ծածկված: Գրեթե բոլոր տներն իրենց առջև պարտեզներ ունեն, մի քանի պտղատու ծառերով»: (Նույն տեղում՝ էջ 27-28):

Հոդվածում հետաքրքրական է նաև այն փաստը, որ խոսվում է նաև Գորիսում նոր կառուցվող եկեղեցու մասին: Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին սկսել է կառուցվել 1897 թվականից և կառուցումն ավարտվել է 1904 թվականին: «Ազգագրական հանդես»-ի այս հոդվածը տպագրվել է 1898 թվականին: Դա այն շրջանն է, երբ նոր էր կառուցվում քաղաքի եկեղեցին: Հոդվածագիրը ներկայացնում է եկեղեցու շինարարությունն ու տալիս նաև իր քննադատական կարծիքը:

«Եկեղեցին, որ այժմ է միայն շինվում սաստիկ դանդաղությամբ՝ բավական փոքր է և առանց համաչափության.- դռները անհամեմատ մեծ են, իսկ պատուհանները չափազանց նեղ»: (Նույն տեղում՝ էջ 28):

Հետաքրքրական է, որ Ե. Լալայանը ներկայացնում է նաև այդ շրջանում քաղաքի բնակչության թվաքանակը, ինչպես նաև նշում բնակչության սեռային ճշգրիտ թվաքանակը:

«Բնակիչները հայ լուսավորչականներ են, ընդամենը 460 տուն, 1697 արական, 1449 իգական, միասին 3146 հոգի: Պարապում են երկրագործությամբ, այգեպանությամբ և առևտրով»: (Նույն տեղում՝ էջ 28):

Հին Գորիսի բնակչության հետ կապված տվյալներ առկա են 1823 թվականից: Այդ շրջանում Հին Գորիսում եղել է 119 ընտանիք: Մոտ 70 տարվա ընթացքում քաղաքի ընտանիքների թիվը ավելացել է մոտ 350-ով: Հարկ է նշել, որ 20-րդ դարասկզբի և դարակեսի Գորիսից կան պահպանված մի շարք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս թե՛ Հին, և թե՛ Նոր Գորիսի կոլորիտը: Մեզ հաջողվեց Հայաստանի ազգային գրադարանի արխիվից գտնել մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է 20-րդ դարի առաջին կեսի Գորիսը, իր կոլորիտն ու բնապատկերները: Ցավոք, պետք է նշել, որ արխիվային լուսանկարների հեղինակի, լուսանկարի ճշգրիտ թվականի և այլ մանրամասների մասին տեղեկություններ չկարողացանք դեռևս գտնել: Ժամանակի պատմագիտական հոդվածներն ու լուսանկարները հստակ ցույց են տալիս, թե ինչ յուրահատուկ քաղաք կառուցվեց ու զարգացավ, որը դարձավ Սյունիքի զարդն ու Սյունիք-Արցախ քաղաքակրթությունների խաչմերուկը:

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս