
Honda-ն և Nissan-ը հրաժարվել են միավորվելու ծրագրից. Kyodo

Ճապոնական Honda Motor և Nissan Motor ավտոմոբիլային կորպորացիաները վերջնականապես հրաժարվել են միավորվելու պլաններից: Kyodo գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունները ձախողվել են դրանց մեկնարկից գրեթե երկու ամիս անց։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Honda-ն և Nissan-ը՝ Ճապոնիայի երկրորդ և երրորդ խոշորագույն ավտոարտադրողները, կշարունակեն ռազմավարական գործընկերությունը ծրագրային ապահովման և այլ բնագավառներում՝ Nissan-ի գործընկեր Mitsubishi Motors-ի հետ միասին։
Սկզբում ենթադրվում էր, որ կողմերը բիզնեսի ինտեգրում կիրականացնեն՝ համատեղ հոլդինգային ընկերություն ստեղծելու միջոցով: Սակայն ըստ Yomiuri թերթի՝ Honda-ն Nissan-ին առաջարկել է դառնալ իր դուստր ընկերությունը: Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ սա չափազանց բացասական արձագանք է առաջացրել Nissan-ում, ինչի հետևանքով սպառնալիքի տակ են հայտնվել ինտեգրման շուրջ բանակցությունները։
Երկու խոշոր ավտոարտադրողները ցանկանում էին միավորման միջոցով կրճատել ֆինանսական բեռը և դիմակայել էլեկտրամեքենաների համաշխարհային շուկայում առաջատար հանդիսացող ամերիկյան Tesla-ի և չինական BYD-ի հետ աճող մրցակցությանը:
Միավորման դեպքում համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ կհայտնվեր աշխարհում մեծությամբ երրորդ կորպորացիան, որը կզիջեր միայն Toyota-ին և Volkswagen-ին: