Եգիպտոսի արտգործնախարարն այցով մեկնել է ԱՄՆ
Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթին մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Գազայի բնակիչներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու ծրագիրը, հայտնում է AFP-ն։
Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության համաձայն, Աբդելաթիի այցը նպատակ ունի «ամրապնդել Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը» և ներառելու է «խորհրդակցություններ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ»։
Ավելի վաղ Կահիրեն հայտարարել էր, որ փետրվարի 27-ին կանցկացնի արաբական արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու պաղեստինցիների հետ կապված «վերջին լուրջ զարգացումները»։
Եգիպտոսը ձգտում է համախմբել արաբ դաշնակիցներին Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրի դեմ, և ուրբաթ օրը Աբդելաթին բանակցություններ է վարել Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հետ՝ իրենց հողերից պաղեստինցիների ցանկացած հնարավոր բռնի տեղահանման դեմ հակազդեցությունն ուժեղացնելու համար:
Անցյալ շաբաթ Թրամփը հանդես եկավ Գազայի հատվածում ամերիկյան վարչակազմի ստեղծման գաղափարով՝ նախատեսելով ավերված տարածքը վերածել «Մերձավոր Արևելքի ռիվյերայի»՝ պաղեստինցիներին այլ երկրներ՝ հատկապես Եգիպտոս և Հորդանան վերաբնակեցնելուց հետո:
Այս հայտարարությունները բացասական արձագանք առաջացրեցին ամբողջ աշխարհում, և արաբական երկրները կտրականապես մերժեցին առաջարկը՝ պնդելով երկու պետությունների՝ Իսրայելի կողքին անկախ Պաղեստին պետության, գոյության գաղափարը։