ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանված անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ԵԽ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Պաշտպանը պատվիրակությանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները:

Քննարկվել են զինված ուժերում, բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

Տեսանյութեր

Լրահոս