AFAD. Էգեյան ծովում հրաբխային ժայթքում կարող է տեղի ունենալ

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) ու «Օգտակար հանածոների հետազոտության և հետախուզման գլխավոր տնօրինությունը» (MTA) համատեղ զեկույց են հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցը նախնական գնահատական է պարունակում վերջին օրերին Էգեյան ծովում պարբերաբար գրանցվող երկրաշարժերի վերաբերյալ:

Նշվում է, որ դրանք տեղի են ունենում Սանթորինի կղզուց 6.5 կմ դեպի հյուսիսարևելք գտնվող Կոլումբո հրաբխի հատվածում, որի խառնարանը գտնվում է ջրի տակ:

Կոլումբո հրաբուխը Սանթորինի հրաբխային համալիրի մի մասն է կազմում և վերջին անգամ ակտիվ է եղել 1650-ին, իսկ հրաբխային համալիրում վերջին անգամ ժայթքում գրանցվել է 1950-ին:

Այս համատեքստում հիշեցվել է, որ ժայքթքման հետևանքով տեղի ունեցած ցունամիները հասել են նաև թուրքական ափեր:

Հաշվի առնելով նման փորձը զեկույցում հավանական է համարվել դրա կրկնությունը և միևնույն ժամանակ նշվել, որ վերջին տարիներին՝ 2011-2012թթ-երին, նույն տարածաշրջանում նմանատիպ սեյսմիկ ակտիվություն էր նկատվում և այն էլ 14 ամիս, ինչը, այնուամենայնիվ, այդպես էլ չհանգեցրեց հրաբխի ժայթքման:

Զեկույցում ասվում է, որ այժմ իրավիճակը թուրքական կողմի ուշադրության կենտրոնում է՝ հնարավոր երկրաշարժի, ցունամիի և հրաբխային ժայթքման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս