ՀՀ-ում 1600 ուսուցիչ 300-400.000 դրամ աշխատավարձ է ստանում, 560 ուսուցիչ էլ՝ 400.000 և ավելի. Ժաննա Անդրեասյան
Պետական բյուջեի շրջանակներում գործել են չորս տարբեր ծրագրեր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է: Այս մասին կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«4 տարիների կամավոր ատեստավորման արդյունքում մենք արդեն ունենք 6100-ից ավելի ուսուցիչներ կամ մեր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, որոնք օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ: Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակներում 23-24 թթ բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչներ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն են ստացել շարունակել իրենց աշխատանքը»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության հաստատած օժանդակության ծրագրով, 49 ուսուցիչ պետական բյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում:
«Հաջորդ կարևոր ծրագիրը տարակարգի ծրագիրն է, և նախորդ տարի արդեն 289 ուսուցիչ ստացել է տարակարգ և արդյունքում լրացնելով իր վարձատրությունը ևս 10-50 տոկոս հավելավճարով: Ներկայում տարակարգ ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»,- նշեց նա:
Անդրեասյանի խոսքով՝ համալիր քաղաքականության արդյունքում 23-24 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ:
Նա տեղեկացրեց, որ այս պահին եղած տվյալներով՝ Հայաստանում 300-ից 400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ կա, և ավելի քան 560 ուսուցիչ էլ 400 հազար դրամ ու ավելի վարձատրություն է ստանում։
«Այս ուսուցիչները, սովորաբար, հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- նշեց Անդրեասյանը։