Կառավարությունը կներդնի մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման գործընթաց
ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նրանց կտա հավելավճարի իրավունք՝ մասնագիտական որակավորման հիման վրա։ ՀՀ կառավարությունը նախատեսում է կարգավորել ատեստավորման պայմանները, պահանջները և դրա արդյունքում վճարվող հավելավճարների տրամադրման սկզբունքները։
Ատեստավորման գործընթացը կամավոր է լինելու՝ հնարավորություն տալով մասնագետներին իրենց գիտելիքները, հմտությունները և որակավորումը գնահատել պետականորեն ճանաչված չափանիշներով։Ատեստավորումը կսկսվի 2025 թվականից՝ նախ հոգեբանի ծառայություններ մատուցող մասնագետների համար, իսկ 2026-ից կմեկնարկի հատուկ մանկավարժների ատեստավորումը։
Ատեստավորման արդյունքներով մասնագետները կստանան հավելավճար, ինչը նպաստելու է նրանց մասնագիտական զարգացմանը և աշխատանքի գրավչության բարձրացմանը։
Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրականացումը՝ ներառական կրթական համակարգի միջոցով։ Այդ համակարգի առանցքային մասն են մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները, որոնց որակավորումը բարելավելու համար ներդրվում է ատեստավորման գործընթացը։
ՏՄԱԿ-ների (Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ) մասնագետները երկար տարիներ բախվել են ցածր աշխատավարձերի և ոլորտի անբավարար գրավչության խնդրին։ Ատեստավորման ներդրման արդյունքում պետությունը հնարավորություն կունենա որակավորված մասնագետներին հավելավճար տրամադրել։Կամավոր ատեստավորման շնորհիվ մասնագետները հնարավորություն կունենան վերապատրաստվել, բարելավել իրենց մասնագիտական կարողությունները և ավելի որակյալ ծառայություններ մատուցել կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։
Ավելի բարձր աշխատավարձերն ու մասնագիտական զարգացման հնարավորությունները թույլ կտան ոլորտում ներգրավել ավելի որակյալ մասնագետների՝ խթանելով կրթական ծառայությունների որակի բարելավումը։Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կրթության ներառականության և մատչելիության մակարդակի բարձրացում՝ ՏՄԱԿ-ների աշխատանքի արդյունավետության աճի հաշվին, մանկավարժահոգեբանական աջակցության որակի բարձրացում, քանի որ մասնագետների պատրաստվածությունը պարբերաբար կգնահատվի, աշխատավարձերի ավելացում, ինչը կբարձրացնի ոլորտի գրավչությունը, կրթական միջավայրի բարելավում, ինչը կօգնի սովորողներին ստանալ առավել որակյալ աջակցություն։