Թրամփի առաջին հակաիրանական հուշագիրը. նա վերսկսում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր վերականգնել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» արշավը, որը ներառում է նավթի արտահանումը զրոյի հասցնելու ջանքեր՝ Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու գործընթացը կասեցնելու նպատակով։

Ըստ արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր, որը վերահաստատում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը, որը կիրառվել էր Թրամփի նախացահական առաջին ժամկետի ընթացքում։

Թրամփն անձամբ իր ստորագրած հուշագիրը չափազանց կոշտ է բնութագրել` ասելով, որ նույնիսկ վարանել է այդ քայլին դիմելիս։ Նա նշել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և ինքը հույս ունի, որ Թեհրանի հետ հնարավոր կլինի գործարք կնքել։

Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին նավթի արտահանման պատժամիջոցները խստորեն չկիրառելու համար, ինչը, ըստ Թրամփի, էականորեն առաջ է մղել Թեհրանին ռեգիոնում՝ թույլ տալով նավթ վաճառել, ֆինանսավորել միջուկային զենքի ծրագիրը և զինված աշխարհազորայինների տեղակայումը Մերձավոր Արևելքում:

Կարդացեք նաև

Թրամփի հուշագրում, ի թիվս այլ խնդիրների, ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվում է «առավելագույն տնտեսական ճնշում» գործադրել Իրանի նկատմամբ՝ ներառյալ պատժամիջոցներ և գործող պատժամիջոցները խախտողների նկատմամբ առանձնահատուկ մեխանիզմներ։

Այն նաև ուղղորդում է ֆինանսների նախարարությանը և պետքարտուղարությանը` իրականացնել արշավ, որն ուղղված է «իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելուն»:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին: Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ «Համասը» ազատ է արձակել ևս երեք պատանդների, այդ թվում՝ ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություն ունեցողի։ Իր հերթին, Իսրայելն ազատել է տասնյակ պաղեստինցի բանտարկյալների:

ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություն ունեցող 65-ամյա Քիթ Սիգելը երեք պատանդներից մեկն էր, որոնց շաբաթ օրը ազատ արձակեցին «Համասի» զինյալները՝ մոտ 16 ամիս պատանդ պահելուց հետո։ Քիթ Սիգելին և իր կնոջը՝ Ավիվային, առևանգել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Քֆար Ազզայում գտնվող իրենց տնից և իրենց իսկ մեքենայով տարել Գազա։ Ավիվան ազատ էր արձակվել 2023 թվականի նոյեմբերին։

Ազատ են արձակվել նաև Ֆրանսիայի ու Իսրայելի քաղաքացիություն ունեցող Օֆեր Կալդերոնը և իսրայելցի Յարդեն Բիբասը: Գերեվարվել էին նաև Բիբասի կնոջն ու երկու երիտասարդ տղաներին։ «Համասի» փոխանցմամբ՝ վերջիններս սպանվել են իսրայելական ավիահարվածի հետևանքով: Իսրայելը չի հաստատել տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս