«Այս սցենարը ծրագրված էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից». Հովիկ Ավանեսով

Շաբաթ երեկոյան միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ, քանի որ նա օրերս հրապարակել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող ազերիների, որոնք եղել են Իրանի քաղաքացիներ։

Միջնորդությունը քննելու ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել դատարանի բակում, պահանջելով չկալանավորել արցախցի գիտնականին։ Մի քանի ժամ տևած քննությունից հետո դատարանը որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին, բավարարվելով միայն վարչական վերահսկողություն սահմանելով։

Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ղարիբ Բաբայանի հետ երկար տարիներ աշխատել են Մեսրոպ Մաշտոց համալսարանում, նա համալսարանի պրոռեկտորն է եղել։ Խիստ կասկածներ ունի, որ Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելը եղել է Ադրբեջանի կողմից ուղիղ հրահանգ՝ ուղղված ՀՀ իշխանություններին։

«Իրավական առումով նման տեսանյութ հրապարակելն ու կից գրառում անելը որևէ իրավական ակտի խախտում չէ։ Նա նման տեսանյութ հրապարակելով՝ նպատակ է ունեցել հանրությանն իրազեկել, թե իրականում ինչ է կատարվում։

Կարդացեք նաև

Իրավապահ մարմիններն այս միջադեպին կարող էին արագ արձագանքել այն ժամանակ, երբ այդ մարդիկ հրապարակում հայ ազգի ինքնասիրությունը վիրավորելով երգում էին։ Հանրապետության հրապարակում 100-ից ավելի տեսախցիկներ կան տեղադրված, ընդ որում՝ գրեթե բոլոր պետական շենքերն այդտեղ են տեղակայված։ Հետևաբար, որքան էլ ասեն, թե իրավապահ մարմինները դրանից տեղյակ չեն եղել՝ իրականության հետ աղերս չունի։

Այս սցենարը ծրագրված էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Նա պատահական չի համարում, որ Հրապարակում երգելու համար ընտրվել էին հենց Իրանի քաղաքացիներ հանդիսացող ադրբեջանցիներ։ Այս ամենով, Ադրբեջանը ցանկանում է մի կողմից՝ հոգեբանական ահաբեկչություն իրականացնել հայերի նկատմամբ, մյուս կողմից՝ այդ սցենարով հայ-իրանական հարաբերությունների տարանջատումներ մտցնել։

«Այդ տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է ադրբեջանական սոցիալական հարթակներում։ Պետք է հաշվի առնենք, որ ադրբեջանական քարոզչության և հատուկ ծառայությունների ձեռագիրը նույնն է՝ նման բովանդակությամբ տեսանյութեր հրապարակում են, շատ լավ իմանալով, որ դրանք հայտնվելու են հայկական մեդիառեսուրսում։ Երբ տեսնում են, որ դրանք հայտնվում են հայկական տիրույթում, իրենց մոտից տվյալ տեսանյութը հեռացնում են։ Դրանից հետո հրապարակումներ են անում ու հղում անում հայկական տիրույթին, տվյալ դեպքում սա է տեղի ունեցել։

Մեկ կարևոր հանգամանք ևս. չնայած դատարանը մերժեց Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, բայց նրա նկատմամբ սահմանեց վարչական վերահսկողություն, նա չի կարող արտահայտել հանրային խոսք»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։

Նա շեշտեց՝ մտավորականը, գիտնականն ազատ է հանրային խոսք, կարծիք արտահայտել, մտավորականը չի կարող տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում չունենալ։ Սակայն այս դեպքում սահմանափակեցին Ղարիբ Բաբայանի հանրային խոսք ասելու իրավունքը։

«Իհարկե, կասկածներ միշտ էլ կան, որ ցանկացած պահի նման անհեթեթ պատճառաբանությամբ ցանկացած մեկիս կարող են կալանավորել։ Բայց մտածել այդ մասին ու անմասն մնալ երկրում տիրող իրավիճակին, իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ կերպ չքննադատել՝ անհնարին է»,- նշեց մեր զրուցակիցը։

Հովիկ Ավանեսովի բնորոշմամբ՝ իշխանությունների իրականացրած քայլերը տեղավորվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» տիրույթում, քանի որ իշխանությունները ցանկանում են Ադրբեջանին ցույց տալ, որ պատրաստ են ամեն ինչի, միայն թե լինի այդ խաղաղության պայմանագիրը։

«Չեմ կարող բացառել, որ այս ամենն Ադրբեջանի ուղիղ հրահանգով է տեղի ունեցել, չէ՞ որ Ալիևն էր Հայաստանին մեղադրում ֆաշիզմի մեջ, իշխանություններին հրահանգելով, որ այն ոչնչացնի, հակառակ դեպքում Ադրբեջանը կոչնչացնի»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս