Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը թուրքական օպերացիա է. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:
«Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձևաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ և սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին»,-նշել է նա։
Թեմա 3
«Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը (օրհներգ, Արարատ, զինանշան) թուրքական օպերացիա է»:
Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը:
«Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը (օրհներգ, Արարատ, զինանշան) թուրքական օպերացիա է։ Նիկոլը օգտագործեց ասուլիսը՝ շարունակելու համար պայքարը Հայաստանի Հանրապետության պետական և ազգային խորհրդանիշների դեմ։
Այս թուրքական դիվերսիան նա և իր խմբակը իրականացնում են ամենաանհավանական ստերով և փուչ հիմնավորումներով։
Ցույց տամ իրենց տխմարությունները օրհներգի փոփոխության օրինակով:
Եվ այսպես,
Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը» իր բովանդակությամբ կռվի, արյան և բռնությունների մասին է և ավարտվում է հերոսական մահվան պատվաբերության մասին տողերով։
Մահվան մասին տողերով է ավարտվում նա Շվեդիայի օրհներգը. «Այստեղ, Հյուսիսում եմ ուզում ապրել և մեռնել»։
Իտալիայի օրհներգը էլ ավելի «ագրեսիվ» է։ Այսօրվա աչքով որ նայես տեքստին, առանց պատմություն իմանալու և հասկանալու, կապշես։ Իտալական օրհներգի տեքստը Ավստրիային համեմատում է արյունախում, բայց փետրաթափ եղած արծիվի հետ։ Պատկերացնո՞ւմ եք։ Բայց դա չի խանգարում երկուսին էլ լինել ԵՄ անդամ։ Լեհաստանի օրհներգում գովերգվում և մեծարվում է Նապոլեոն Բոնապարտը, ում բազմաթիվ եվրոպական երկրներում լավով չեն հիշում։ Այլ երկրների օրհներգներում ամենաքննադատված երկիրը Իսպանիան է, ում ուղղակի դատափետում են Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի և այլ լատինաամերիկյան երկրների օրհներգներում։ Բայց սա չի խանգարում նրանց սերտ կապեր ունենալ նախկին մետրոպոլիայի հետ։ Ուստի նիկոլական հիմնավորումները բացարձակ անհիմն են և ուղղակիորեն Թուրքիայի պահանջների քողարկում են»։
Մանրամասները՝ տեսանյութում: