Բա Ալիևին ե՞րբ եք «շինելու», ե՞րբ եք անցնելու ձեր խոստմանը՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիային. Փաշինյանը հարցից հետո սկսեց կակազել
«Արագածոտնում քարոզարշավի ժամանակ խոսելով Քոչարյանի աջակիցների մասին՝ ասացիք, կներեք, պետք է մեջբերեմ, դրանց սաղին պետք է բռնեմ՝ շինեմ, այդ ընթացքում ո՞ւմ եք շինել, ձեր խոսքը չէ՞ր, կապույտ մուրճը միայն հայերի վրա՞ է պատում, ձեր ուժը միայն մեր վրա՞ է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու: Ես որպես քաղաքացի՝ ո՞նց հենվեմ մեր կառավարության վրա, երբ տեսնում եմ, որ աշխարհում վերադասավորումներ են, լուրջ հարցեր են քննարկվում, մեր վարչապետը սոխով, վիչինայով ձվածեղ է պատրաստում, փոդքասթ է վարում: Դուք Միքայել Մինասյանին ասում էիք՝ մի հատ հլա կուխնյայից դուրս արի, նա դեռ վարչապետ չէր, դուք վարչապետ եք, կուխնյայից ե՞րբ եք դուրս գալու, ե՞րբ եք անցնելու ձեր նախընտրական քարոզարշավին, ձեր ծրագրի իրականացմանը, ե՞րբ եք հասնելու Շուշիի և Հադրութի դեօկուպացիային, դուք մանդատ եք ստացել դրա համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանը «չէր հիշում», որ նման բառապաշար է օգտագործել. «Անկեղծ ասած, զուտ բառապաշարի առումով, ես տենց բա՞ն եմ ասել, գուցե կարելի է ինչ-որ ասած այդպես մեկնաբանել, բայց ես տենց բառապաշար օգտագործե՞լ եմ: Հենց էդ բառերո՞վ: Անկեղծ եմ ասում, մարդ եմ, չեմ հիշում, որ ես այդպիսի բառապաշարով ասել եմ, բայց էդ էլ է պետք հասկանալ՝ ինչ է նշանակում, որովհետև մեկնաբանության հարց է, ես ինչ եմ նկատի ունեցել, դուք ինչ եք նկատի ունենում: Ցանկացած անձ, առավել ևս՝ վարչապետ, որոշակի գործողություններ կատարելու առումով սահմանափակված է օրենքով, անկախ նրանից, թե ինչ է ասվել, և դուք դա ոնց եք ընկալել՝ գործողության առումով… այդտեղ սահմանափակումներ կան, կներեք»:
Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածներին, նա իր ոճին բնորոշ պատասխան տվեց. «Վերադասավորումների մասին, ուզում եմ բոլորիս համար մի գաղտնիք բացել՝ աշխարհի բոլոր առաջնորդները՝ առանց բացառության, և կարող եմ ասել՝ բավական մեծ մասի հետ շփում ունեցած մարդ, աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են: Այսինքն՝ եթե այն ընկալման մեջ ենք, դպրոցական տարիներին տենց ընկալում կար, որ հատկապես սիրելի ուսուցիչները չեն սնվում և մարդկությանը հատուկ ինչ-որ գործողություներ չեն անում… Բոլոր լիդերները սնվում են:
Ընդհուպ, ձվածեղ են ուտում, կան, որ սեփական ձեռքով սարքում են: Հիմա կարող եք հարցնել՝ ի՞նչ կարիք կա դա ցույց տալու, դա ընտրության և ճաշակի հարց է: Գուցե, դա ցույց տալու նպատակներից մեկն այն է, որ այն, ինչ հիմա հիբրիդային պատերազմների խողովակով փորձ է արվում հերթական անգամ հանրությանը տոկի տալ այդ մի քիչ… իրականում էնքան էլ այդպես չէ, կարո՞ղ է լինել այդպիսի նպատակ:
Կամ էն, որ ամենատարբեր հարթակներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը և նրա ընտանիքը դադարել են սովորական սնունդ ընդունելուց և հատուկ տեղերից հատուկ չվերթներով ներկրված սնունդ են ընդունում: Դրա նպատակներից մեկն էլ նախորդ հարցին տրված պատասխանն է՝ աշխարհի բոլոր լիդերները հաց ուտում են՝ անկախ նրանից՝ ինչ բարդ իրադրություններ են երկրում: Եթե բանը հասել է դրան, եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել՝ շատ կոնկրետ պատճառով:
Օրինակ՝ 2020թ. նոյեմբերին եղել է տենց մի շաբաթ, որ ես բացի ջրից՝ ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել: 2021 թվի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես ի հիշատակ մեր նահատակների՝ մի շաբաթ բացի ջրից, որևէ ուրիշ բան չեմ ընդունել: Ամսաթվերն էլ կարող եմ ասել՝ 2021թ. նոյեմբերի 8-ից 7 օր հետ գնացեք, կամ գուցե նոյեմբերի 9-ից: Կներեք այս ինտիմ մանրամասները ներկայացնելու համար»:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ մուրճ թափահարելուն՝ նա հարցին հարցով պատասխանեց՝ չագուչով մարդանց գլուխը պետք է ջարդեի՞. «Չէ, չէ, չէ, եթե նույնիսկ ձեր ասած բառապաշարը մեկնաբանենք, կներեք, մուրճը շատ ուժեղ և շատ ուղիղ արտահայտվել է գիտե՞ք ինչով, որ Հայաստանի Հանրապետությունը այդ մուրճի բերումով այսօր շատ ավելի անկախ երկիր է և ինքնիշխան, քան շատերը պատկերացնում են, քան կարող էին պատկերացնել: Մի հատ ուշադիր նայեք, գուցե դրա արտահայտությունները կնկատեք»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մուրճն աշխատում է նրանց վրա, որ այս խառը իրավիճակում, այդ թվում՝ այդ մարդկանց վնասելու միջոցով, կարող են քաղաքական այլ պրոցեսներ հարուցել.
«Էն, որ դուք ազատ ձեր խոսքի իրավունքն եք վայելում, բա էդ մուրճը չի՞: Դուք 2018-ից առաջ էլ էիք լրագրող, կարող էիք ասել բաներ, որոնք հանգիստ ինձ եք ասում, և դրանից հետո հանգիստ, առոք-փառոք գնայիք ձեր տանը ապրեի՞ք: Այո՞: Դա էլ թողնում եմ ձեր խղճին»:
Մանրամասները՝ տեսանյութում