Առանց ռուսական զորքի՝ Հայաստանը կդառնա Էրմենիստան. Դա են ուզում սրանք՝ իրենց եկած փուչ օրից. Գագիկ Մինասյան
Հունվարի 29-ին հերթական անգամ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի հայաստանյան գրասենյակի կողմից հրապարակված սոցիոլոգիական հարցման տվյալները, ըստ որոնց, եթե առաջիկայում լինեն ընտրություններ, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհավաքի 2018 թվականից ի վեր ամենաքիչ ընտրաձայները՝ ընդամենը 11.3 տոկոս։
ՔՊ-ի այս ռեկորդային նվազագույն ցուցանիշին զուգահեռ, սակայն, լավ վիճակում չեն ընդդիմադիր ուժերը։
Ըստ հարցումների տվյալների՝ առաջիկա կիրակի օրն ընտրություն անցկացնելու պարագայում «Հայաստան» դաշինքը կհավաքի 6,5 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3%, Սրբազան պայքարը՝ 0,5%։
Հարցվածների մոտ 60 տոկոսը սխալ է համարել փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունն ու նշել, որ Հայաստանը տանում են սխալ ուղղությամբ։
Թե ո՞րն է պատճառը, որ ՔՊ-ական իշխանության ռեկորդային ցածր վարկանիշին համընթաց չի աճում ընդդիմության վարկանիշը, և ինչո՞վ է ընդդիմությունը հետաքրքիր փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունից դժգոհ այս 60 տոկոսի համար, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանից։
«Մարդիկ ՔՊ-ական իշխանությանը տեսնել չեն ուզում. այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, օրինակ, Գյումրիից, շատ ավելին են ասում, քան այս թվերը. ժողովուրդը չի ուզում ՔՊ-ի անունը լսել»,- ասաց Մինասյանը՝նշելով՝ իրականում ՔՊ-ի վականիշը շատ ավելի ցածր է։
Սրանով հանդերձ, ըստ Գագիկ Մինասյանի, ընդդիմությունը ցանկալի արդյունքներ չի արձանագրում, որովհետև կաղում է հասարակության հետ աշխատանքի ժամանակ, ինչը բաց է, որն էլ պետք է լրացնել։
«Պետք է մեր քաղաքացիներին ասենք, թե ո՞րն է մեր այլընտրանքը։ Մինչև հիմա մեր քննադատության բնագավառում ենք զգալի արդյունքների հասել, բացել ենք ժողովրդի աչքերը, որ տեսնեն այս ազգակործան իշխանության բերած ավերածությունները։ Հիմա արդեն այլընտրանքային օրակարգը պետք է ներկայացնեն, որը մեր երկրորդ խնդիրն է»,- ասաց Գագիկ Մինասյանը։
ՀՀԿ ԳՄ անդամի համոզմամբ՝ այլընտրանքային օրակարգը հանրությանը հրամցնելը դառնում է առավել քան առաջնային ու հրատապ, որովհետև ՀՀ այս իշխանության քայլերն օր օրի ավելի կործանարար են դառնում Հայաստանի համար. օրինակ՝ ամեն ինչ փորձում են անել Հայաստանն առանց ռուսական զորքի թողնելու համար, ինչից հետո Հայաստանն ուղարկի կվերածվի Էրմենիստանի։
«Առանց ռուսական զորքի՝ Հայաստանը կդառնա Էրմենիստան. չի՛ լինի հայկական շունչ, ինչպես որ չկա Սասունում և Մուշում։ Դա են ուզում, դրան են լծված սրանք իրենց եկած փուչ օրից, բայց չի ստացվելու»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ-ական գործիչը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։